Առողջապահության նախարարը չի բացառում, որ ոլորտում կոռուպցիա կա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 13-ը մայիսի, 2019թ․

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Անցյալ շաբաթ այդ բուժհաստատությունում «Ավաստին» դեղամիջոցի ներակնային սրսկման հետևանքով 8 քաղաքացու տեսողությունը խիստ վատթարացել էր։

«Եթե դա կլինի անփույթ վերաբերմունք բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելուն, դա պետք է ունենա իրավական հետևանքներ քրեական գործի շրջանակներում», - նշեց Թորոսյանը։

Թորոսյանն ասաց՝ կա ենթադրություն, որ խախտվել են դեղի օգտագործման կանոնները։ Ի դեպ՝ պարզվում է, որ սրվակը, որից ներարկում է արվել, ներմուծող «Նատալի Ֆարմ»-ից չի գնվել։

«Մեզ ներկայացված ՀԴՄ-ի մեջ ընդհանրապես ուրիշ ֆիրմա է գրված, ու «Նատալի Ֆարմ»-ի հետ կապ չուներ էդ գնման գործընթացը», - ընդգծեց առողջապահության նախարարը։

Կա՞ կոռուպցիա առողջապահության ոլորտում․ նախարար Թորոսյանը չի բացառում, որ կա: «Եթե մենք խոսում ենք ապօրինի եկամուտների մասին բուժհաստատություններում վերցվող ու դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա։ Ես ինքս չեմ համարում կոռուպցիա, ես համարում եմ ապօրինի եկամուտ, որը էլի պետք է չլինի, բայց, ամեն դեպքում, դա ապօրինի եկամուտ է, որ բժիշկը հայցում է պացիենտից», - նշեց նախարարը:

Բժիշկներին տրվող մաղարիչ-կաշառքների ավանդույթն, ասաց, ցանկանում են վերացնել աշխատավարձերի բարձրացմամբ։ Պոլիկլինիկաների 10 հազար աշխատակից արդեն 30 տոկոսով ավելին է ստանում, քան նախկինում։

«Ոչ մի բժիշկ հաճույք չի ստանում 5 հազար դրամ իր գրպանը դնելուց, իրանք ուզում են էդ 5 հազարը, 10 հազարը կամ 50 հազարը օրինական ամեն ամիս ստանան իրենց աշխատավարձի հետ», - ընդգծեց առողջապահության նախարարը։

Ավելի վերին՝ կառավարման համակարգում էլ նախարարը վստահ չէ, թե 100 տոկոսով կոռուպցիան չեզոքացվել է։ Շաբաթներ առաջ իր տեղակալն էր ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով։ Այս գործով, ի դեպ, Արսեն Թորոսյանը չի հարցաքննվել։ Առողջապահության նախարարը իր կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ շեշտեց, որ անկաշառ պրոֆեսիոնալ կազմ ձևավորելը առանձնապես հեշտ գործ չէ։

«Ես հենց հիմա բազմաթիվ, չեմ ուզում անուններ տալ, աշխատողներ ունեմ, որ կուզենայի իրանց փոխել ուրիշով, բայց երկու պրոբլեմ ունեմ. նախ՝ չունեմ էն մյուսը, որ ավելի լավը կլինի, որ իրան փոխարինենք, և երկրորդ՝ կա քաղծառայողների պաշտպանվածության համակարգ, որը այդքան էլ վատ բան չի», - ասաց նախարարը։

«Եթե ինձ հայտնի դարձավ մի բան, որ պետք է իրավապահներն իմանան, նրանք կիմանան դա», - Արսեն Թորոսյանը մտադրությունն այսօր էլ վերահաստեց։ Կասկածել էր, որ պետական գնումների գործընթացում միջամտություն կա՝ դիմել էր իրավապահներին։ Խոսքը հեմոդիալիզի սարքավորումների մրցույթի մասին է։ Այս գործով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

«Արդյո՞ք կար պաշտոնական դիրքի չարաշահում, թե՞ չէ, արդյո՞ք այլ հոդվածներով կար որևէ հանցագործություն, թե՞ չէ, ես դատարանի դեր չեմ պատրաստվում ստանձնել», - ասաց Թորոսյանը։

Նախարար Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները 28 կետանոց ամփոփաթերթիկով էր ներկայացրել՝ ինսուլտի ծրագրից մինչև լյարդի փոխպատվաստում ու շտապօգնության ծառայության բարելավում։ Շտապօգնության զանգերի 70 տոկոսը հոսպիտալացմամբ չի ավարտվում, սա նախարարը խնդիր է համարում։ Ծառայությանն, ասում է, զբաղեցնում են ճնշում կամ ջերմություն չափելու համար։

«Դա չպետք է արվի, օրինակ, 5 կամ 10 րոպեում, այլ կարող է արվել մեկ ժամում, որպեսզի 5-10 րոպեում մենք անենք, օրինակ, վթարների, ինսուլտների, ինֆակտների կանչերը և այդ մարդկանց կյանքերը իրոք փրկենք, իսկ էն թեթև դեպքերում մարդիկ պետք է սպասեն», - նշեց Թորոսյանը։

Որոշ կանչեր էլ չեն սպասարկվելու, հայտարարեց Թորոսյանը՝ չմանրամասնելով, թե թեկուզ ճնշում չափելու համար ո՞ւմ դիմեն միայնակ, անօգնական տարեցները։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպումն անցկացվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում՝ Նուբարաշենում։ Արսեն Թորոսյանն ասաց՝ սրանով ցանկանում է ուշադրություն սևեռել այս ոլորտի խնդիրների վրա։ Նուբարաշենում հոգեկան տարբեր խնդիրներով 350 հոգի է բուժում ստանում կամ խնամվում՝ շենքային շատ վատ պայմաններում։ Հիմա այստեղ տնօրենը առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն է, ասաց՝ շատ բան փոխել դեռ չեն կարողացել, բայց հիվանդներն արդեն հեռախոսից օգտվելու հնարավորություն ունեն, լուծվել են նաև զուգարանի թղթի ու սննդի հարցերը։

«Մենք ապահովում ենք զուգարանի թղթով, ամոթ չլինի ասելը։ Սննդի հարցը լուծված է ամբողջությամբ, իրանք օրը երեք անգամ ստանում են», - ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը։

Մենյուից հանվել է սիսեռով ապուրը, որ տարիներ շարունակ մարտահրավեր էր ատամ չունեցող հիվանդների համար։