«Եթե Արցախում հակահեղափոխության օջախ ձևավորվի, Արցախի ազգաբնակչությունը հենց բնօրրանում կխեղդի», - այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ, «Ազատության» հարցի ի պատասխան, ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղ այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. - «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Փաշինյանը չէր մանրամասնել, թե ում նկատի ունի:
Հարցեին, թե արդյոք նման հակահեղափոխական զարգացումների միտումներ տեսնում են Արցախում, Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե հնարավոր է որոշ ուժեր Արցախը դիտարկեն իբրև քաղաքական գործընթացների պլատֆորմ: Բայց Փաշինյանը զգուշացրեց, որ դա անթույլատրելի է, և եթե մեկին մտքով նման բան անցնի, ապա դրանով կթուլացնի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության միասնական համակարգը․ - «Նման միտումներ եթե լինեն, դա Արցախի ազգաբնակչությունը ինքը հենց բնօրրանում կխեղդի: Չկասկածեք»:
Իշխանական «Իմ քայլը» խմբակացության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վերահաստատեց Փաշինյանի խոսքերը՝ մտահոգվելու որևէ առիթ չկա, քանի որ հակահեղափխության ցանկացած փորձ կավարատվի հեղափոխությամբ:
«Պետք է ուղղակի խելագար լինել սա չհասկանալու համար: Իսկ ես չեմ կարծում, որ Հայաստանում կամ Արցախում խելագարներ կան այս առումով», - ասաց Ռուբինյանը:
Նշենք, որ վերջին օրերին սուր բանավեճ ծավալվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև: Ըստ էության նաև վիրավորական գնաահատակններ հնչեցին:
Ամեն ինչ սկսկվեց այն բանից, որ Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Ղարաբաղի երկու նախագահների դիմումը Հայաստանում պետք է հարգեին ու բավարարեին, ինչին ի պատասխան Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, թե Բալասանյանի կարգի պաշտոնյան «իր խոսքում պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն»:
Այս հայտարարությանն ավելի ուշ արձագանեց Վիտալի Բալասանյանը՝ ասելով, թե «Վլադիմիր Կարապետյանը փոքր մարդ է, որ իր զբաղեցրած պաշտոնի մասով այդպիսի հայտարարություններ անի»․ - «Վլադիմիր Կարապետյանները թող զբաղվեն իրենց գործառույթներով»:
Ի պատասխան Վլադիմիր Կարապետյանն էլ հեգնել էր․ - «Շնորհավորում եմ, Վիտալի Բալասանյանը հավակնում է դառնալ Լ Ղարաբաղի քաղաքական դաշտի Էդուարդ Շարմազանովը կամ ավելի ճիշտ՝ Արմեն Աշոտյանը»:
«Ազատության» հարցին՝ մտահոգիչ համարո՞ւմ է, որ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց հասցեինք գրեթե վիրավորական հայտարարություններ են անում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ - «Ինձ համար ոչ թե մտահոգիչ է, այլ ցավալի է: Ցավալի է պարոն Բալասանյանի համար»:
Անդրանիկ Քոչարյանը հարկ համարեց հավելել․ - «Պարոն Բալասանյանը հանդիսանում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը: Անվտանգություն բառը ասում է ամեն ինչ: Այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը, անկախ իր նախկին ծառայություններից պետության նկատմամբ, Արցախի նկատմամբ, մեր հաղթանակների նկատմամբ, այդ ծառայությունները վերջին հաշվով գնահատված են, բայց գործողությունները, որոնք կթուլացնեն այդ անվտանգությունը, անթույլատրելի են: Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը: Եթե նկատում եք, վերջին երկու օրը ոնց որ թե նաև մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել: Եվ այդ պաշտոնատար անձի հայտարարությունը ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգը, այլ նաև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել: Չի կարելի էդպիսի բան անել»:
Անդրադառնալով Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջև ծավալված սուր բանավեճին՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, թե երկու կողմերն էլ պետք է պահպանեն քաղաքական զսպվածություն՝ մի կողմ թողնելով անձնական հարաբերությունները: Արցախն ու Հայաստանը, նրա խոսքով, երբևէ չպետք է հակադրվեն միմյանց՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին:
«Ազատության» հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են, որ Ղարաբաղը դառնա հակահեղափոխության օջախ, ինչի մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը, Գորգիսյանն արձագանքեց, թե քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի․ - «Նույնիսկ եթե ամենավատ սցենարով Ռոբերտ Քոչարյանը Արցախում գա իշխանության, Հայաստանն ու Արցախը պետք է որպես մեկ բռունցք աշխատեն՝ ծառայելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերին»:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խուսափեց այս հարցի շուրջ կոնկրետ դիրքորոշում հայտնել՝ շեշտելով միայն, թե Արցախը անկախ երկիր է․ - «Բոլոր ինստիտուցիոնալ գործիքակազմով այդ հանրապետությունը կա, գործում է: Եվ նման գնահատականներից պարզապես զերձ կմնամ»:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ միջամտում է Արցախի ներքին գործերին, Էնֆիաջյանն արձագանքեց․ - «Փաշինյանը ինչ միտում ունի, կարծում եմ, լավագույնս ինքը կպարզաբանի»: