Աքորիի դպրոցի տնօրենը դատի է տվել մարզպետին

Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը դատի է տվել մարզպետին՝ բողոքարկել նրա նկատողությունը։

Հանրապետական տնօրենը հայտարարում է, որ իշխանություններն իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում և ամեն ինչ անում իրենից ազատվելու համար։

«Չեն ուզում աշխատեն նախկինների հետ աշխատած տնօրենների հետ», ֊ պնդում է Պետրոսյանը։

Մինչդեռ մարզպետարանի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը հակադարձում է՝ Կիմիկ Պետրոսյանի պաշտոնավարման բոլոր 8 տարիներին նրա նկատմամբ աշխատակիցների մեղադրանքները գրավոր տեսքով են հասել վերադաս մարմիններին, անգամ ոստիկանություն։

Այս տարվա փետրվարին Աքորու դպրոցում պատմության դասաժամին 11֊րդ դասարանի տղաներից մեկը դանակահարել էր մյուսին։ Քրեական գործ է հարուցված, շուտով կավարտվի նախաքննությունը։ Դեպքից հետո մարզպետարանը ոստիկանությունից միջնորդագիր է ստացել նոր ուսումնասիրություն կատարելու և պարզելու «դպրոցում ստեղծված անառողջ մթնոլորտի» պատճառը։

Դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանի կարծիքով, մինչդեռ, աշակերտների վարքի ու հաճախումների անմիջական պատասխանատուն փոխտնօրենն ու դասղեկն են, ոչ թե տնօրենը։ ֊ «Էս պարագայում դպրոցի տնօրենի մեղքի բաժինը այդքան էլ մեծ չի», ֊ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նա։

Ոստիկանության մատնացույց արած անառողջ մթնոլորտը երկար պատմություն ունի։ Դեռ 2011 թվականին աշակերտներն ու աշխատակիցների զգալի մասը 50-օրյա դասադուլ են արել, ըստ իրենց՝ իշխանությունների պարտադրած տնօրենների թեկնածուներին մերժելու համար։ Մի դեպքում արդյունքի են հասել, Կիմիկ Պետրոսյանի դեպքում՝ անզոր են գտնվել ու հաշտվել իրականության հետ։ Բայց մինչ այսօր էլ նախկինում տարբեր բանակներում հայտնված կողմերը չեն հաշվել։ Տնօրենն ասում է՝ իր դեմ դավեր են նյութում նախկին մրցակցի կողմնակիցները, վերջիններս էլ, թե՝ դպրոցի ղեկավարը խտրական վերաբերմունք ունի ոչ յուրային ուսուցիչների նկատմամբ։

Դպրոցի փոխտնօրեն Նելլի Թամազյանը կրճատման վտանգի տակ է։ Տնօրենն ասում է՝ պատճառը ֆինանսական դժվարություններն են, փոխտնօրենի կարծիքով ինքն անցանկալի անձ է իր ղեկավարի համար. ֊ «Կոնկրետ՝ ես իրան ընտրել եմ, բայց քանի որ հաջորդ պահին իրա ասածը չեմ արել, չեմ ստրկացել, իր կամայականություններին չեմ ենթարկվել, աշխատողների նկատմամբ չեմ լարվել, արդեն ես եմ թիրախավորվել։ Մի կողմից կրճատումա, մյուս կողմից աշխատողա ընդունում։ Չենք հասկանում՝ ի՞նչ հիմքով»։

Դպրոցի երեք պահակ կանայք ևս արդեն մի քանի տարի բողոք բողոքի հետևից ուղարկում են վերադասներին, թե՝ տնօրենն իրենց հացն ապօրինաբար կտրում է, դեռ 2017 թվականին երեք պահակների դրույքաչափերն ու աշխատավարձը կրճատել ու իր մերձավորին է ընդունել աշխատանքի՝ որպես դռնապան։

Այս ամիս դատարանը կհրապարակի աշխատանքից ազատված հավաքարարներից մեկի մասին վճիռը։ Նա դատի է տվել տնօրենին՝ պնդելով, որ իրեն ֆինանսների բացակայության հիմքով ազատել է աշխատանքից ու իր մերձավորին ընդունել։