Շիրակի պետական համալսարանում երկրորդ անգամ են փորձում ռեկտոր ընտրել

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ապրիլի 26֊ին 6 հայտ էր ներկայացվել, սակայն 2֊ի հայտերը մերժվեցին և այսօր արդեն 2֊րդ անգամ անցկացվող մրցույթին 4 թեկնածու է մասնակցում: Նախորդ մրցույթի 2 մասնակիցները՝ Լուսինե Ֆլջյանը և Անդրանիկ Սարգսյանը ևս մասնակցում են այսօրվա մրցութին: Բացի այդ՝ ռեկտորի պաշտոնին հավակնում են բուհի նախկին պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը և Արամ Կարապետյանը:

Թեկնածուները ներկայացրին բուհի խնդիրների լուծման և զարգցաման իրենց հայեցակարգերը:

Բուհի նախկին պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը, օրինակ, առաջարկեց բուհի մասնագիտությունների ցանկը համալրել նորերով:

Լուսնե Ֆլջյանն իր ներկայացրած հայեցակարգով ցանկանում է Շիրակի պետական համալսարանը դարձնել կլաստերային:

Արամ Կարապետյանն էլ բուհի զարգացման հիմքում տեսնում է դասախոսական անձնակազմի աշխատավարձերի բարձրացումը:

Բոլոր 4 թեկնածուներն ընդգծեցին, որ բուհի վարչական մասի աշխատողների թիվն ուռճացված է: Հայեցակարգերի ներկայացումից հետո թեկնածուները պատասխանեցին հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին, հետո մեկ մյուսին հարցեր հղեցին: Այսօր ավելի ուշ կկայանա փակ գաղտնի քվեարկությունը:

Հիշեցնեմ՝ մարտի 2֊ին թեկնածուներից և ոչ մեկը չկարողացավ ստանալ անհրաժեշտ ձայների քանակը և նոր մրցույթ հայտարարվեց:

Ռեկտորի պաշտոնը արդեն մոտ մեկ տարի է ինչ թափուր է: Հանրապետական նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց անցած տարի բուհում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո: Նախկին ռեկտորին բուհի մի քանի դասախոսներ ու ուսանողներ մեղադրում էին չարաշահումների ու ապօրինությունների մեջ: Ի դեպ, Սահակ Մինասյանը վերջերս լքեց նաև Հանրապետականի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը: