«Արդյո՞ք կոռուպցիա չէ երկու տարի առաջ Տարոն Մարգարյանի կողմից Ձեզ հատկացված հողատարածքը Աջափնյակ վարչական շրջանում: Երկու տարվա ընթացքում Դուք կառուցել եք այ այսպիսի առանձնատուն, որը արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար: Երբ Ձեր ուսումնառությունը ավարտում էիք 2000 թվականին Հոռոմ գյուղում ունեիք մի հատ հողատարածք, մի հատ էլ շատ համեստ տուն», - հարցրեց Բաբաջանյանը:
Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ Արթուր Դավթյանի հովանավորությամբ նրա սանիկներին ու մտերիմները դատախազությունում նշանակվել են տարբեր պաշտոնների, շարունակեց հարցադրումները ընդդիմադիր պատգամավորը: Նա Գլխավոր դատախազին մեղադրեց պետական բյուջեի միջոցների հաշվին Գլխավոր դատախազությունում աշխատանքային ճոխ պայմաններ ստեղծելու համար՝ «սեփական վերելակից ընդհուպ նոր հարկաբաժնի կառուցում»․ - «Արդյո՞ք կոռուպցիա չէ այն իրողությունը, որ, գալով Գլխավոր դատախազություն, որոշել եք դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել, և այդ հարկը պետության վրա արժեցել է 160 միլիոն դրամ: Հետո այդ հարկ եք տեղափոխել Ձեր առանձնասենյակը, և այսօր համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն 100 քառակուսի մետր տարածք եք զբաղեցնում այդ հարկում: Արդյո՞ք կոռուպցիա չէ այն, որ պետության միջոցներից ծախսելով 14 միլիոն դրամ՝ վերելակ եք կառուցել, որը ուղիղ գնում է Ձեր առանձնասենյակ»:
Գլխավոր դատախազի պատասխանը չուշացավ, սակայն պատգամավորն արդեն լքել էր դահլիճը: Արթուր Դավթյանը իրեն ուղղված հարցադրումներին կոնկրետ պատասխանելու փոխարեն դրանց սլաքներն այլ տեղ ուղղեց: Հայտարարեց դահլիճում միայն իրեն տեսանելի ականջների մասին․ - «Հիասթափեցնում եմ պարոն Բաբաջանյանին․ իրեն չհաջողվեց իմ տրամադրությունը փչացնել, որովհետև էն ամենը, ինչ ինքը ներկայացնում էր, էդ ամեն ինչի մեջ ես որևէ տեղ ամաչելու կամ սխալ արած որևէ առիթ չունեմ: Ես հասկանում եմ, որ իմ հետևողական և սկզբունքային գործելաոճով, և իմ լիազորություններն էնպիսին են, որ մարդկանց խորն են ցավացնում: Ես դա շատ լավ հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ էդ մարդիկ պատահական մարդիկ չեն երբեմն, բավականին լուրջ ռեսուրսներով: Ընդհուպ այնպիսի ռեսուրսներով, որ էս դահլիճում իրենց ձայները կարող են հնչել, բայց դուք իրենց չտեսնեք»:
Պատգամավորի թվարկած հարցադրումները վկայո՞ւմ են կոռուպցիայի մասին, թե՞ ոչ: Գլխավոր դատախազն ասաց՝ կպատասխաներ, եթե ժամանակ ունենար․ - «Էստեղից կհնչի խոսք: Հետևից ականջներ կերևան, թե ականջները առջևից կերևան, ես իմ գործը անելու եմ: Հարցեր են հնչում՝ կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Կարծում եմ, չարժի անցնել դասախոսության, մանավանդ ինձ վերաբերող հարցերով ես պատասխանեմ: Բազում իրավաբան գործընկերներ կան, թող հարցնեն: Եվ առաջարկում եմ ցանկացած դեպքում սուտ մատնության համար ստորագրություն տալով հաղորդում տալ ներկայացված բոլոր դեպքերով: Իսկ ես հանրությանը հաշվետու եմ: Եվ նշած բոլոր դեպքերի վերաբերյալ ես անպայման պատասխաններ կտամ»:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին նույնպես Գլխավոր դատախազի զեկույցի ցուցանիշները չգոհացրեցին․ - «Նշում եք, որ 2018 թվականին հանցագործություն կատարած զինծառայողների թվաքանակում սպաների տեսակարար կշիռը կազմում է 25,7 տոկոս և միտում ունի ավելանալու: Նախորդ տարի դա եղել է 23,7 տոկոս: Նույնիսկ չեմ ուզում փաստել, որ հանցագործություն կատարած ժամկետային զինծառայողների տեսակարար կշիռը կազմում է 54,7 տոկոս, քանի որ կստացվի, սպաները համեմատական թվաքանակով ավելի շատ հանցագործություն են կատարում, քան ժամկետային զինծառայողները: Սա ոչ թե ամոթալի, այլ աղետալի երևույթ է: Մենք չլսեցինք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել նման աղաղակող փաստերին օրենսդրական, իրավական կամ այլ զուտ մասնագիտական լուծումներ տալու ուղղությամբ»: