Կիրակի օրը լրանում է Բիշքեկյան արձանագրությունների 25 տարին, և այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ:
Պաշտոնական Մոսկվայի տարածած հայտարարությունում արձանագրված է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ստորագրած համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ և թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այսօր էլ համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Սերգեյ Լավրովի գլխավորած գերատեսչությունը փաստում է, որ կարգավորման շուրջ բանակցությունները բարդ գործընթաց է, և կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալը պահանջում է ժամանակ ու քաղաքական կամք։
Հայտարարությունում նաև նշված է, որ Մոսկվան տեսնում է հակամարտող կողմերի՝ խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Այդ են վկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպումը և երկու երկների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները, նշում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերաետսչության տարածած հաղորդագրությունում ասված է նաև, որ Մոսկվան, իր կողմից, փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելուն ակտիվ աջակցություն կցուցաբերի։ «Ինչպես և նախկինում, մենք շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին», - նշված է պաշտոնական Մոսկվայի հայտարարությունում:
Հիշեցնենք՝ 25 տարի առաջ ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվեց արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն: Մայիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջև ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, որը պետք է ուժի մեջ մտներ 1994-ի մայիսի 12-ին ժամը 00:01-ից: Արդեն մայիսի 12-ին Մոսկվայում հանդիպում կազմակերպվեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջև, որոնք հաստատեցին, որ հավատարիմ են մնում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: