Ծովային իրավունքի միջազգային դատարանում մեկնարկել են Կերչի նեղուցի միջադեպի գործով լսումները

Ռուսաստան - Ուկրաինացի նավաստիները Մոսկվայի դատարանում, ապրիլ, 2019թ․

Համբուրգում Ծովային իրավունքի միջազգային դատարանում նախօրեին մեկնարկել են անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից կալանված ուկրաինական ռազմանավերի և դրանց անձնակազմի հարցով լսումները:

Ռուսական կողմը լսումներին չի մասնակցում, Մոսկվան հայտարարել է, որ դատարանը տվյալ միջադեպը քննելու իրավասություն չունի:

Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Ելենա Զերկալը հույս է հայտնել, թե ռուսական կողմի բացակայությունը խոչընդոտ չի լինի դատարանի վճռի համար:

2018 թվականի նոյեմբերի 25-ին բռնակցված Ղրիմի ափերին՝ Կերչի նեղուցում ռուսական կողմը հարձակվել և գրավել է երեք ուկրաինական ռազմանավ, ուկրաինացի 24 նավաստիներ գերեվարվել են: Մոսկովյան մեկուսարանում պահվող նավաստիները մեղադրվում են Ռուսաստանի սահմանը ապօրինի հատելու մեջ:

Պաշտոնական Կիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը՝ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը պնդում են, որ նավաստիները ռազմագերիներ են, իսկ տեղի ունեցածը՝ ագրեսիա:

Ռուսաստանը, մինչդեռ, հայտարարում է, որ իր և Ուկրաինայի միջև պատերազմ չի ընթանում, հետևաբար՝ նավաստիները չեն կարող ռազմագերի լինել և սահմանը հատելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն: