Այսօր առավոտյան Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակի բացումը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այգու վերակառուցումը նախաձեռնած և ֆինանսավորած Վարդանյան եղբայրները:
Այգին կառուցել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ և անմիջական վերահսկողությամբ: Այն նվեր է Վարդանյան ընտանիքի կողմից՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ: Նախագծի հեղինակը Կարեն Վարդանյանն է: Այգում փոխվել է ամեն ինչ: Անգամ հողն ամբողջությամբ փոխարինվել է: Նախագծային աշխատանքները սկսվել են 2 տարի առաջ և տևել են 6 ամիս: Շինարարական աշխատանքներն իրականացվել են մեկուկես տարվա ընթացքում, հայտնում են հիմնադրամից:
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման ավտոնոմ համակարգ:
Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Արժեքավոր գրանիտ քարատեսակի ընտրությունն արվել է՝ սալահատակի գեղեցկությունը և երկարակեցությունն ապահովելու նկատառումներով: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով:
Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել են բրոնզաձույլ 5 ջրային արձաններ: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, թվով 76 նստարաններ, ինքնատիպ դիզայնով 62 աղբամաններ և 126 լուսասյուներ:
Այգու կառուցման համար ծախսվել է 5 միլիոն 300 հազար դոլար:
Գլխավոր նախապայմանը, որ Երևանի քաղաքապետարանին ներկայացրել են Միքայել և Կարեն Վարդանյանները, այն է, որ այգին մնում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն:
Այգու կառուցապատումից բացի` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019 թվականից սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը: