Անհավանական կիսաեզրափակիչներ՝ Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերում անհավանական արդյունքներ են արձանագրվում․ անգլիական ակումբները՝ Լիվերպուլն ու Տոտենհեմը, առաջին խաղերում պարտվել էին մրցակիցներին՝ Լիվերպուլը 0:3 հաշվով Բարսելոնային, Տոտենհեմը սեփական հարկի տակ 0:1 հաշվով Այաքսին: Պատասխան հանդիպումից առաջ թվում էր ամեն ինչ վճռված է, բրիտանական ակումբների համար եզրափակիչ մտնելու դուռը փակված է, միայն հրաշքը կարող է բացել այդ դուռը և այդ հրաշքը տեղի ունեցավ:

Երեկ Ամստերդամում առաջին խաղակեսում Տոտենհեմը 0:2 հաշվով պարտվում էր Այաքսին, երկու խաղի արդյունքով հաշիվն արդեն 0:3 էր, թվում էր վերջին հույսն էլ է մարում, երկրորդ խաղակեսում անհրաժեշտ էր 3 գոլ խփել և նրանք արեցին դա: Խաղի հերոսը՝ բրազիլացի Լուկաս Մոուրան, հեթ տրիկի հեղինակ դարձավ, 3 անգամ նա գրավեց Այաքսի դարպասը: Չորս րոպեի ընթացքում նա երկու գոլ խփեց, իսկ խաղի լրացուցիչ ժամանակում՝ 96-րդ րոպեին խփած գոլով, Տոտենհեեմը հաղթեց 3:2 հաշվով ու մտավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Սա անհնար է բացատրել, անհնար է: Ֆուտբոլը մեզ այնպիսի պահեր է պարգևում, որ նույնիսկ չենք կարող պատկերացնել: Մենք պետք է պարզապես վայելենք սա: Նայեք ինձ, տեսեք՝ սա կյանքիս ամենալավ պահն է», - խաղից հետո ասել է Մոուրան:

Երկու մարզիչների ասուլիսում Տոտենհեմի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեթ-տրիկի հեղինակ բրազիլացի կիսապաշտպանի մասին ասել է․ - «Եթե մեր խաղացողները սուպերհերոսներ են, նա սուպեր, սուպեր, սուպերհերոս է: Որովհետև կարծում եմ՝ դա ապշեցուցիչ էր: Սա ֆանտաստիկ, կախարդական երեկո է նրա համար»:

Պոչետինոն հաստատել է, որ չնայած հաղթանակին՝ պատրաստվում է լքել Տոտենհեմը:

Այաքսի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ասել է. - «Երբեմն ֆուտբոլը հիասքանչ է, երբեմն շատ դաժան: Մենք հիմա հանդիպում ենք դաժան երեսի հետ, իսկապես ծանր է, բայց մենք պետք է հաղթահարենք: Դա հեշտ չէ, սակայն մենք ընտրություն չունենք»:

Տոտենհեմը առաջին անգամ մտավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Լիվերպուլը եզրափակիչում կխաղա երկրորդ տարին անընդմեջ:

Այաքս-Տոտենհեմ խաղից մեկ օր առաջ Լիվերպուլը 4:0 հաշվով ջախջախեց Բարսելոնային: Առաջին խաղում Լիվերպուլը 0:3 հաշվով պարտվել էր ֆուտբոլային գերաստղ Լիոնել Մեսսիի թիմին: Բարսելոնայում Մեսսին երկու գոլ էր խփել, մեկը՝ տուգանային ֆանտաստիկ հարվածով, բայց Լիվերպուլում հաջողությունը նրանից երես էր թեքել:

Լիվերպուլը կարողացավ հաղթանակի հասնել 4:0 հաշվով ու դուրս գալ եզրափակիչ: Երկուական գոլ խփեցին բելգիացի Դիվոկ Օրիգին ու հոլանդացի Ջորջինյո Վեյնալդումը:

Օրիգին քիչ է հանդես գալիս Լիվերպուլի հիմնականում կազմում, Չեմպիոնների լիգայի մրցաշարում նա առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ, իսկ կիսապաշտպան Վեյնալդումը փոխարինման էր դուրս եկել, նա փոխարինել էր վնասվածք ստացած խաղացողի ու երկրորդ խաղակեսում երկու րոպեի ընթացքում երկու անգամ գրավեց Բարսելոնայի դարպասը:

Գարդիանը գրում է, որ հանդերձարանում Լիոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները:

Հետաքրքիր է այն, որ երկու խաղերում էլ հաղթանակի հասած անգլիական թիմերը խաղադաշտ էին դուրս եկել առանց առաջատար, ռմբարկու ֆուտբոլիստների: Լիվերպուլի կազմում բացակայում էր Մոհամեդ Սալահը, իսկ Տոտենհեմի կազմում չկար կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը:

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն անցկացվելու է հունիսի 1-ին՝ Մադրիդում: Վերջին տասնամյակում առաջին անգամ եզրափակիչում հանդիպելու են անգլիական ֆուտբոլային ակումբները: