«Նեմեցի» խրամատները կոր գծով քայքայած Վալուշ պապիկը

Կարպի գյուղը Մեծ հայրենական պատերազմում 180 զոհ է ունեցել, 100-ը վերադարձել են: Այսօր նրանցից միայն մեկ հոգի է մնացել:

Մեծ հայրենականի միակ վետերանը 95-ամյա Վալուշ պապիկը տանն է բաժակ չխկացնում ու շնորհավորանքներ ընդունում:

Խոստանում է մի տասը տարի էլ ապրել, մասնակցել ընտանեկան բոլոր հնարավոր տոներին: Բայց, ասում է, եթե մարդ ես, չստացվի, մահվանից վախ չկա. միլիոնավոր երիտասարդներ պատերազմից չվերադարձան․ - «18 տարեկան իմ գյուղացին էր, իմ կողքին էր, առանց նշանվել, առանց ամուսնանալ: Ես էկա, փառք Աստծու: Ամուսնացա, էսքան էրեխեք ունեցա, թոռներ ունեցա: Ես ինչի՞ց բողոքեմ կամ վախենամ»:

Վալուշ Նանյանին պատերազմ են տարել դպրոցը չավարտած, տասներորդ դասարանից: Մարտական գործողություններին մասնակցել է Թամանյան դիվիզիայի Սևաստոպոլյան գնդում․ - «Ես մինոմյոտչիկ էի: Կրակում էի կոր գծով, քայքայում նեմեցի խրամատները»:

Հասել է մինչև Ուկրաինա, այնտեղ էլ լսել է հաղթանակի լուրը․ - «Ուկրաինայից հետո արդեն նեմեցը իրա հույսերը կորցրեց, որ կհաղթի: Հայ ժողովուրդը լավ էլ կռվավ, 3-4 դիվիզիա կար»:

Մի քանի քաղաքների ազատագրությանը մասնակցած վետերան պապիկը շատ մեդալներ է ստացել, տասնամյակների ընթացքում դրանց մի մասը կորել է:

Ռազմաճակատից վերադարձել է ոտքի թեթև վիրավորումով և առանց ռուս աղջկա ուղեկցության․ - «Ինչի՞ չկար, բայց ընտենց գործողություններ չկատարինք»:

Ամուսնացել է կարպեցի իր հետ սովորած աղջկա՝ Մարուսյայի հետ: մեծացրել, կրթության են տվել երեխաներին: Կինը 17 տարի առաջ է մահացել: Վալուշ պապիկը բազմաթիվ թոռներին ու ծոռներին է ջերմություն տալիս ու ստանում: Բոլորովին դժգոհ չէ նաև վետերանների հանդեպ ուշադրությունից․ գյուղապետն իր հարկերն է ներում, ավելի բարձր իշխանությունն էլ, ասում է, 74 տարի լավ են իրենց հետ:

Վալուշ պապիկը փոքր որդու ընտանիքի հետ է ապրում: 40 տարի բրիգադիր է եղել, ընտանիքում ցմահ բրիգադիր է. ով էլ ինչ ասի, վերջին խոսքը պապիկինն է․ - «Մինչև հիմա իմ խոսքը տան մեջ անցնում ա: Ես եմ ասում»:

Շքեղ այգի ունեն, մինչև անցյալ տարի պապիկը ակտիվ խնամում էր ծառերը, այս տարի, ասում է, երևի միայն ջրել կարողանամ։

Վալուշ Նանյանը մի հարցով սպասողական դրության մեջ է. իր անունը չի կրում ոչ մի թոռ: Լոնդոնում ապրող թոռն է խոստացել՝ տղա ունենալուն պես հավերժացնել պապիկի Վալուշ անունը Բրիտանիայում:

Սևաստոպոլյան գնդի Ականանետորդ Նանյանի գլխավոր ցանկությունը, իհարկե, խաղաղությունն է Հայաստանին , աշխարհին, մարդկանց․ - «Եթե խաղաղ ըլնի, շատ լավ ա: Ի՞նչ ա եղել, աշխատում ենք, ապրում ենք: Լավ ա»: