Լեռնային Ղարաբաղում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Առավոտյան տեղի ունեցավ հանդիսավոր երթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Հայտնի է, որ երեկ Ստեփանակերտ էր ժամանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն հանդիսավոր երթին նա չմասնակցեց: Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախկին ուժային կառույցների ղեկավարների՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, վերջինիս նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղահրամանյանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի գործող քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ առանձին այցելել է Ստեփանակերտի պանթեոն:
Օրվա ընթացքում նաև հայտնի դարձավ, որ հրավեր չի ուղարկվել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատությանը» փոխանեց, որ որևէ նախագահի հրավեր չի ուղարկվել՝ ներառյալ Սերժ Սարգսյանին, և նրանք, ովքեր Ստեփանակերտում և Շուշիում կայանալիք միջոցառումներին մասնակցելու ցանկություն ունեին, ազատ էին, կարող էին մասնակցել, պարզապես պետք է նախապես տեղյակ պահեին ԼՂ իշխանություններին, որպեսզի վերջիններս կարգավորեին տեխնիկական և անվտանգության հետ կապված հարցերը:
Հանդիսավոր երթից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ներկայացուցիչները մեկնեցին Շուշի, որտեղ շարունակվեցին տոնական միջոցառումները:
Ստեփանակերտում ավելի վաղ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների միջև փոխգործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր:
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը այսօր հանդիպում է ունեցել ԼՂ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Երեկոյան Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում նախատեսված է տոնական համերգ և հրավառություն: