Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը, այսօր Երևանի Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը և Արցախը ունեն բավական հստակ ձևավորված խորը համակարգ միմյանց միջև: Հայաստանը եղել և մնում է Ղարաբաղի միակ երաշխիքը անվտանգության, Ղարաբաղը մեզ համար, բոլորիս համար՝ ողջ հայության համար, եղել և մնում է անվտանգության, և մեր 150 հազար հայրենակիցների անվտանգության ամենակարևորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել, մնում է դա, որ մենք մնում ենք երաշխավորը», - ասաց Մնացականյանը՝ շարունակելով․ - «Մենք ունենք բազմաթիվ ձևեր և բազմաթիվ գործիքներ՝ արտահայտելու և ապահովելու այդ գործառույթը, ապահովելու այդ երաշխավորման գործառույթը, և մենք տարբեր նոր գործիքներով լրացնելու, ամրապնդելու՝ սա մշտական շարունակական գործընթաց է՝ ինչպես ողջամիտ դա անել, ինչպես դա անել՝ սա քննարկման առարկա է: Այսինքն՝ ոչինչ չի բացառվում, բայց ամեն ինչը ողջամիտ և ճիշտ անելու խնդիր է․ սա քննարկման առարկա է»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ժողովրդի տեսակետը նույնպես պետք է հաշվի առնել, նախարարն ընդգծեց․ - «Կառավարությունը ունի իր պատասխանատվությունը՝ բանակցելու և ընտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը, ձևերը: <...> Վարչապետը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, երբ որ ենթադրություն է եղել, որ ինչ-որ գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել, ինչպե՞ս կարող է դա լինել: Որովհետև այս մե՛ր հասարակության մեջ, մե՛ր երկրի մեջ կառավարությունը արտահայտում է ժողովրդի կամքը՝ ընտրությունների միջոցով, և այդ կամքի հիման վրա է իր վրա վերցրել պատասխանատվությունը՝ մանդատի հիման վրա: Սա է իմաստը»:
Հարցին՝ առաջիկա օրերին վարչապետը Բրյուսելում է լինելու, հնարավո՞ր է հանդիպում, քննարկում Ադրբեջանի նախագահի հետ, Մնացականյանն արձագանքեց․ - «Որևէ ծրագրված բան չունենք: Գիտեք ինչպես է՝ երբ որ նույն տեղում են, իրար կտեսնեն, բայց ծրագրված չէ»:
Եկող շաբաթվա սկզբին Բրյուսելում նախատեսված են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց հրավիրված են ծրագրի անդամ երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ղեկավարները: