Ո՞վ և ինչո՞ւ է Լուկաշենկոյին Բրյուսել հրավիրել․ Եվրախորհրդարանի պատգամավորները պարզաբանում են պահանջում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ գործադիր մարմնից պարզաբանումներ են պահանջում՝ ո՞վ և ինչո՞ւ է Բելառուսի նախագահին Բրյուսել ընթրիքի հրավիրել:

Եվրոպայի վերջին դիկտատորը համարվող Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 13-ին Եվրամիության ղեկավարության կողմից հրավիրվել է Բրյուսել՝ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ ընթրիքին: Հրավերն ուղարկվել է նաև ծրագրի անդամ մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարներին:

Լուկաշենկոն առայժմ հրապարակավ չի մեկնաբանել իր վարչակազմի հետ տարիներ շարունակ լարված հարաբերություններ ունեցող Եվրամիության ընթրիքի հրավերը:

Մինչ այդ, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ մայիսի 13-14-ը նախատեսված այդ միջոցառումներին նախագահը չի մասնակցի, դրանց երկիրը կներկայանա արտգործնախարարի մակարդակով, փոխանցում է «Բելտա» պետական լրատվական գործակալությունը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Եվրամիության պաշտոնյաները անանուն մնալու պայմանով հայտնել են, որ հրավիրող կողմը չէր էլ ակնկալում Լուկաշենկոյի մասնակցությունը:

Այդուհանդերձ, Եվրամիության օրենսդիր մարմնի անդամների մոտ Բելառուսի նախագահին ընթրիքի հրավիրելու բուն փաստը մտահոգություններ է առաջացրել: Բրիտանացի խորհրդարանականների նամակում, որը հասցեագրված է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին, մասնավորապես ասվում է. - «Լուկաշենկոյի ռեժիմը աղետալի վիճակի է հասցրել մարդու իրավունքների ոլորտը` հետապնդումների ենթարկելով այլախոհներին և ճնշելով խոսքի ազատությունը»:

Վերջին 25 տարիներին Լուկաշենկոյի կողմից ղեկավարվող Բելառուսը համարվել է Եվրոպայի վերջին բռնապետությունը, որտեղ ռեժիմի ընդդիմախոսների դեմ ճնշումները գագաթնակետին հասան 2010 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Չորրորդ անգամ վերընտրված Լուկաշենկոյի վարչակազմը հետընտրական օրերին երկրում ըմբոստության ալիքը ճնշելու նպատակով ձերբակալեց հազարավոր ցուցարարների, նրանից շուրջ 700-ը ազատազրկման դատապարտվեցին՝ այդ թվում նախագահի մոտ մեկ տասնյակ այլընտրանքային թեկնածուներ:

Քաղբանտարկյալները ազատ արձակվեցին միայն տարիներ անց՝ 2016 թվականին, ինչին ի պատասխան՝ Բրյուսելը չեղարկեց Մինսկի նկատմամբ կոշտ պատժամիջոցների մեծ մասը: Չեղյալ են հայտարարվել նաև 170 բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ սահմանափակումները, և նրանց թույլատրվել է իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում ու ճամփորդել Եվրոպայում։