Հայաստանում այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է, Արցախում՝ մայիսյան Եռատոնը

Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Արցախը՝ մայիսյան Եռատոնը:

Շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ սխրագործությունների, քաջագործությունների, անվեհեր հերոսությունների անվերջանալի շղթա՝ զուգակցված մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի հանցագործություններով, մարդկային կյանքի անդառնալի կորուստներով և մարդկային կյանքը խեղաթյուրող ողբերգություններով:

Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց կրկին գոյի, արդարության, չարի ու բարու միջև մղվող պայքար էր: Կրելով հսկայական կորուստներ՝ մենք տվեցինք նաև քաջ հերոսներ, անհամար խիզախ զինվորներ ու սպաներ, ովքեր պատերազմի բոլոր ճակատներում պայքարում էին ոչ միայն հանուն սեփական հայրենիքի, այլև հանուն մարդկային քաղաքակրթության պահպանման:

Պատմական զուգադիպությամբ մենք մայիսի 9-ին տոնում ենք նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձություն: Արցախահայության օրրանի՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց է դրվում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին, ազատամարտիկներին, բոլորիս՝ այսքան նշանակալից և հաղթական տոնի առթիվ: Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների և հերոսների հիշատակի առաջ:

Թո՛ղ մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր, մեր պապերի և մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում»:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան: Շնորհավորում եմ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ պայքարին, այնուհետև Արցախի պաշտպանությանը:

Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար: Շուրջ 75 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում նաև մեր 600 հազար հայրենակիցների ջանքերով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը խաղաղություն բերեց աշխարհին: Իսկ 27 տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք հաղթականորեն բեկել արցախյան պատերազմի ընթացքը:

Մեր հազարավոր հայրենակիցներ են զոհվել հաղթանակներ կերտելու և խաղաղություն հաստատելու ճանապարհին:

Խոնարհվում ենք նրանց անմար հիշատակի առաջ:

<…>

Մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով: Պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում, այսօ՛ր ստեղծենք վաղվա նվաճումների ամուր հիմքերը: Այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք մտքի հաղթանակներ՝ գաղափարներ առաջարկենք և դրանք կյանքի կոչենք բանակում ու քաղաքացիական կյանքում, սահմանին և թիկունքում, աշխատանքում ու տնտեսության մեջ, մշակույթում և գիտության մեջ:

Արցախյան պատերազմում և նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման ժամանակ հաղթեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր միասնական ուժը, հայի ուժը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր միասնականությունը միշտ անխախտ լինի, որպեսզի մեր հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի անխախտ լինի խաղաղությունը Հայաստանում ու Արցախում:

Կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիս նոր հաղթանակներ, իսկ մեր երկրին ու ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը, իր ուղերձում շնորհավորելով Հաղթանակի տոնի, Արցախի Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ՝ «պանծալի Եռատոն, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միավորում է համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում», շարունակում է․

«Մայիսի 9-ին մենք անսահման հպարտության ու երախտագիտության զգացումով տոնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի և հայրերի տարած փառավոր հաղթանակը: Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը և սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:

Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք և մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակն էր:

Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:

<...>

Մայիսյան այս տոնական օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ ու բերկրանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով: Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ»:

Ամենայն Հայոց կթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ասված է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:

Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ և երախտագետ հոգով մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին:

Երկրորդ աշխարհամարտից շուրջ կես դար հետո մենք կրկին հարկադրված եղանք պաշտպանելու մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում մեր գոյությանը սպառնացող հակառակորդին։ Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը հաջորդ սերունդներին փոխանցելու է մեր ազգի արիության, արժանապատվության և սեփական ուժերին ապավինելու պատմությունը, հանուն խաղաղության հեղված արյան արժևորման բարձր գիտակցությունը։

Շուշիի ազատագրման հաղթական օրը հռչակվեց նաև տոն Պաշտպանության բանակի հիմնադրման, որը իր հայրենասեր և խիզախ զորահրամանատարներով, սպաներով ու զինվորներով երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման։

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը, զորացնի և օգնական լինի հայրենյաց պաշտպաններին, և երկնառաք օրհնությամբ բարգավաճի հայրենի մեր երկիրը և համայն ժողովուրդը համերաշխ, երջանիկ ու բարօր կյանքով»:

Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Արցախ է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: