Ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթեր ոչնչացնելու գործով ինչո՞ւ բանտում չէ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այս հարցով մեկնարկեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանը:
Փաշինյանը ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի մասին այսօր մինչև Ազգային ժողով գալը նախ լրագրողներին էր հայտնել․ - «Ես չպնդեմ, բայց հավանական եմ համարում, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի և տեղի կունենա համապարփակ քննություն: Իսկ ով բանտում կհայտնվի, չի հայտնվի՝ էդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»:
«Lուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանին հետաքրքրում էին հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մեխանիզմները: Դպրոցների ֆինանսավորումը իրականացվում է աշակերտների թվով, աշխատավարձի ֆոնդը բաշխվում է խորհրդի և տնօրենների որոշմամբ, ի՞նչ հաշվարկներ են կատարվել, կրթության նախարար Արայիկ Հարությունյանին դիմեց Թանդիլյանը:
«Հիմա մշակվել է բանաձև, որով կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ դպրոցների համար, որտեղից արդեն ցանկացած հաջորդ բարձրացում՝ այդ շեմն է բարձրանալու և աշխատավարձերը բարձրանալու են», - մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:
Պատգամավորները հետաքրքրված էին նաև Հայաստանի ճանապարհների անմխիթար վիճակով: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը վստահեցրեց՝ այս տարվա ընթացքում հիմնանորոգելու են մի շարք միջպետական և միջհամայնքային ճանապարհներ:
«Դիլիջան – Վանաձոր հատվածում շուրջ 30 կիլոմետր է, որից 20 կիլոմետրը անմխիթար վիճակում է և հենց ամբողջ 20 կիլոմետրը մենք հիմնանորոգվելու ենք», - նշեց նախարարը՝ շարունակելով․ - «Ուրեմն՝ Գեղարքունիք, դեպի Ծափաթաղ, Գանձակ, Չկալովկա, Մարտունի, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջան, Մարտունի և Սևանում էլի մի հատված՝ շուրջ 40 կիլոմետր: Վայոց ձոր՝ դեպի Վայք, Եղեգնաձոր, Գետափ՝ շուրջ 18.3 կիլոմետր: Սյունիք՝ Որոտան, Շուռնուխ, Մեղրի, Որբատեղ, Սյունիքի զանգեր՝ շուրջ 35 կիլոմետր: Սա դեռ նախնական է, հուսով եմ, որ շատ կաճի էս թիվը»:
Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ Ազգային ժողովում հայտարարեց, որ ճանապարհաշինությունը կառավարության առաջնահերթ ծրագրերից է: - «Բոլոր ճանապարհներն են կառուցվելու», - խոստացավ Փաշինյանը: