Սերժ Սարգսյանը կրկին հրաժարվեց հարցերի պատասխանել

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էին մայիսյան եռատոնին նվիրված համերգին, 8-ը մայիսի, Ստեփանակերտ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ մասնակցելու մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտում երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ, որին ներկա էին Լեռնային Ղարաբաղ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մայիսի 9-ին կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար վաղն առավոտյան Լեռնային Ղարաբաղ է մեկնում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անցած տարի ապրիլին հրաժարական ներկայացրած Սարգսյանը այսօր հրաժարվեց պատասխանել թե՛ նոր կառավարության գործունեության մեկ տարուն, թե՛ ղարաբաղյան բանակցությունների մասին «Ազատության» հարցերին:

«Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ ինձ հարցեր կտաք Երևանում», - ասաց նա:

Ղարաբաղյան բանակցությունների մասին հարցին էլ արձագանքեց․- «Բայց ես չեմ բանակցում, չէ՞»:

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում մասնակցել է մի քանի հանրային միջոցառումների և բոլորի ժամանակ էլ հրաժարվել պատասխանել որևէ հարցի: