Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն. Փաշինյան

«Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն», - ի պատասխան «Ազատության» հարցին, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռանալով Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին, որով Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները խնդրում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Սահակյանը և Ղուկասյանը գրել էին, թե մեղադրյալ Քոչարյանի ազատ արձակումը «համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»։

«Ի՞նչ միասնականության մասին է խոսքը, այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ։ Եթե միասնականությունից չորս հոգի պակաս կա, ասենք, միասնականություն մինուս չորս հոգի կամ 40 հոգի կամ 100 հոգի, էդ իրանց խնդիրն է։ Մինչև իրենք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել, իրանք չեն կարող, ի՞նչ միասնական։ Թալանողը թալանողի հետ ի՞նչ միասնական: Բացառված է տենց միասնականությունը», - նշեց վարչապետը։

Փաշինյանն ասում էր, թե մարդկայնորեն կարող է հասկանալ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին․ ընկերական հարաբերություններ են, բայց վարչապետը հարցեր ուներ․ - «Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք մենք լուծում և Արցախի պետականության հետ կապված խնդիր ենք մենք լուծում, օրինակ, հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ասենք, ինչո՞ւ միջնորդության մեջ իրա համար էլ չեն խնդրել, ի՞նչն է պատճառը։ Եթե սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է չէ՞, իրանք են եղել, կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է շնորհած լինի Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումը։ Կարո՞ղ է էնպես ստացվի, որ և՛ Արկադի Ղուկասյանի, և՛ Բակո Սահակյանի իշխանության տարիներին որևէ Արցախի հերոս երկար տարիներ կալանքի տակ պահված լինի»:

Ավելի քան 5 ժամ տևած ասուլիսում վարչապետը պատասխանեց մի քանի տասնյակ հարցերի, բացառեց ոչ օբյեկտիվ քննությունը Դավիթ Սանասարյանի գործով՝ պատասխանելով հարցին, թե գուցե Պետական վերահսկողական ծառայության պետը ներիշխանական ինտրիգների զոհ է դարձել։

«Գործադիր իշխանությունը միասնական մարմին է և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, բացառվում է, որ որևէ պայմաններում ես թույլ տամ երկրում անկառավարելիություններ, քաոսներ, վակխանալիաներ, ինտրիգներ պալատական: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը», - ասաց կառավարության ղեկավարը։

Փաշինյանն ասաց, որ Սանասարյանի գործով իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ․ թիմակիցներին է լսել, նաև անձամբ մեղադրյալին հանդիպել:

Վարչապետն աղմկահարույց հայտարարություն արեց՝ ԱԱԾ-ի արխիվից են նյութեր կորել․ - «Նախորդ իշխանությունները հիմա, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել։ Հիմա ծառայողական քննություն է ընթանում»:

Ղարաբաղի սահմանին վերջին օրերի լարվածության մասին Փաշինյանն ասաց, որ պիտի ուսումնասիրեն պատճառները՝ այդ թվում և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով․ - «Վիեննայի հայտարարությանը պետք է բոլոր կողմերը հավատարիմ մնան, և այնտեղ մենք արձանագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է տեղի ունենում, արդյո՞ք կողմերից որևէ մեկը տվել է հրաման ապակայունացնելու իրավիճակը: Եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունանում իրավիճակը։ Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, այլ որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում, ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան և դեպքեր են արձանագրվում»:

Հիշեցնելով, որ ժողովրդական ճնշման տակ հրաժարական տված Սարգսյանը խոստացել է առաջիկայում խոսել՝ հարց հնչեց, թե արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի իր շուրջը համախմբել հանրությանը:

Վարչապետի պատասխանը․ - «Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս է տալու, շատ լավ է, և ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի հետևյալ. պարոն Սարգսյան, էդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկա, տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին պաշտոնապես։ Նաև Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի և բազում այլ միլիոնատեր պաշտոնյաներ»:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին նաև Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, որի ընթացքում վերջինս հայտարարել է, թե մասնակցելու է նոր ընդդիմության ձևավորմանը, ինչին Փաշինյանը արձագանքեց. - «Ռոբերտ Քոչարյանը ո՞ւմ է ուզում միանա, թող միանա»։

«Սուպերվարչապետ Հայաստանում չկա», - պնդեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժամանակին իր իսկ կողմից այսպես բնորոշված Սահմանադրությանը։

«Սուպերվարչապետը կարա՞ք բացատրեք՝ ինչի՞ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետը ինչի՞ է հինգ ասուլիս անում։ Ձեզ որևէ մեկը իստրուկտաժ արե՞լ է, թե ինչ հարց պետք է տաք։ Հայաստանի Հանրապետությունում էն, ինչ որ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել, թեկուզ էս շփման ընթացքում, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել։ Սուպերվարչապետական համակարգը օրենքը և միայն օրինական լծակները չեն, սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, սալյարկի գործը քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, դատավորները թող իրանց դատավճիռները ինձ հետ համաձայնեցնեն նոր կայացնեն», - ասաց կառավարության ղեկավարը։

Ասուլիսն ավարտվեց վեցերորդ ժամին, երբ Փաշինյանն արդեն պետք է խորհրդարան գնար՝ հիմա էլ պատգամավորների հարցերին պատասխանելու։

«Իմ երազանքների աուլիսը գիտե՞ք որն է, որ վերջին լրագրողը էստեղից դուրս գա, գնա, արդեն էլ մարդ չլինի, ես ամենավերջինը գնամ, բայց էսօր էլ չի ստացվի», - նշեց Փաշինյանը։