Ներկայացման ընթացքում հանդիսատեսը մտովի անցում է կատարում 90-ականների դժվարին, բայց հաղթանակած ժամանակների միջով՝ պիեսի հերոսների հուշերի շնորհիվ մտաբերելով նաև այդ ժամանակներում ունեցած սեփական փորձառությունը:
Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել այս տարի, թեև պիեսի վրա թատերախումբն առնվազն երկու տարի է աշխատել, և միայն անցյալ տարեվերջին թատրոնում տեղի ունեցած փոթորկոտ իրադարձությունների հանգուցալուծումից հետո, երբ Վիգեն Չալդրանյանը հրաժարական տվեց և թատրոնի կառավարումն ի վերջո ստանձնեցին Նարինե Գրիգորյանը՝ որպես գեղարվեստական ղեկավար, և Արման Նավասարդյանը՝ որպես տնօրեն, հնարավոր եղավ վերջնականորեն պիեսը հանձնել հանդիսատեսի դատին:
Առհասարակ, այս տարի Համազգային թատրոնն ասես առավել մեծ ջանասիրությամբ է հանդիսատեսին նորանոր պրեմիերաներ մատուցում՝ թերևս փորձելով համալրել նախորդ տարիներին բաց թողած ժամանակը: Չալդրանյանի ղեկավարությամբ գործող թատերախմբի դժգոհություններից մեկն էլ հենց նոր բեմադրությունների պակասն էր:
Եվ ինչպես օրերս արդեն հերթական պրեմիերայից առաջ «Ազատության» հետ զրույցում շեշտում էր թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը՝ թատրոնն անընդհատ աշխատող կենդանի օրգանիզմ է․ - «Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ․ դերասանը իրավունք չունի պարապ մնալու, դերասանն անդադար պետք է աշխատի: Սա հարստացնում է դերասանին, սա հարստացնում է նրա ներկապնակը»:
Վերջին պրեմիերան օրերս կայացավ թատրոնում․ ներկայացվեց ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Սամուել Բենշետրիի «Մինուս երկու» պիեսը՝ հրավիրյալ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրությամբ:
«Պիեսը ինձ դուր է գալիս: Նյութը հետաքրքիր է, կարող եմ դա փոխանցել հանդիսատեսին: Շատ մարդկային նյութ է, պետք է հանդիսատեսը հաղորդվի նրա հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիք-Հովսեփյանը:
Թե՛ ռեժիսորի, թե՛ թատրոնի տնօրենի համոզմամբ, հանդիսատեսին պետք միայն բարձրարժեք, արդիական խնդիրներ արծարծող և ոչ թե ցածրորակ պիեսներ մատուցել, և այդ ժամանակ միայն թատրոնը հետաքրքիր կլինի այսօրվա մարդու համար:
Արման Նավասարդյանն «Մինուս երկու» պիեսի պրեմիերայից առաջ շեշտում էր․ - «Ես շատ մեծ հպարտությամբ եմ ուզում ասել, որ սա մեր թատրոնի լավագույն ձեռքբերումներից մեկն է նաև դերակատարների իմաստով: Դերակատարները փայլում են՝ Դավիթ Հակոբյան, Վանիկ Մկրտչյան, որոնք ներկայանում են հանդիսատեսին նոր գույներով, նոր ասելիքով՝ միանգամայն ընկալելի: Ես չոր աչքով չեմ կարողանում նայել այս ներկայացումը»:
Հարցին, թե իր կողմից թատրոնի ղեկավարությունը ստանձնելուց հետո քանի պրեմիերա են ունեցել, Նավասարդյանը պատասխանեց․ - «Մեծ բեմում սա երրորդ պրեմիերան է: Մենք փոքր դահլիճ էլ ունենք, փոքր դահլիճում երկու նոր ներկայացում ենք արել»:
Անդրադառնալով թատրոնում տեղի ունեցած փոփոխություններին՝ տնօրենն ասաց․ - «Ամեն մի նոր ներկայացումը դա նոր երեխայի ծննդի պես մի բան է: Թատրոնը հարստանում է նոր ներկայացումներով, խաղացանկը թարմանում է, դերասաններն աշխուժանում են, հանդիսատեսն աշխուժանում է: Եվ ամեն անգամ հաճելի զարմանք է ունենում հանդիսատեսը, որ կարճ ժամանակում ոչ միայն մենք ուշադրություն ենք դարձնում քանակի վրա, նաև որակի»: