Անանուն էլեկտրոնային հասցեից հայաստանյան մի շարք լրատվամիջոցների նամակ է ուղարկվել, որում, հեղինակի պնդմամբ՝ Մարտի 1-ի գործի նյութերն են շուրջ 300 էջ ծավալով:
«Երեկ ստացել ենք ինչ-որ անհայտ հասցեից նյութեր: Վերնագիրը հետևյալն է՝ «Արտահոսք ՀՔԾ-ից․ Մարտի 1-ի գործի նյութեր»: Նշված է, որ 300 էջ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Լուսինե Բարսեղյանը: - «Ու տեքստում արդեն գրել են՝ հարգելի գործընկերներ, բեռնեք այստեղից: Ակտիվ հղում է մեջը տրված՝ Սերժ Սարգսյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և մյուսների հարցաքննությունների արձանագրությունները», - մանրամասնեց «Հայկական ժամանակի» խմբագիրը:
Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքով՝ ծառայությունում դեռ չեն պարզել, արդյոք Մարտի 1-ի գործով նախաքննական նյութերի արտահոսք տեղի է ունեցել, թե ոչ:
«Ինչպես գիտեք, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ և դրա շրջանակներում այժմ ստուգում ենք նաև այդ հանգամանքը», - նշեց Օհանջանյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էին Մարտի 1-ի գործով նախաքննության տվյալներ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքները: Դրանց հրապարակման փաստով քրեական գործ էր հարուցվել:
Լրատվամիջոցներին երեկ ուղարկված հաղորդագրության մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լրատվամիջոցներից են իմացել:
«Այն ծավալի կարևոր ինֆորմացիան, որը գործի համար նշանակություն ունի, դատարանում պետք է հրապարակվի այսպես, թե այնպես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: - «Մենք գաղտնիության կողմնակից չենք, մենք պատրաստ ենք հրապարակային դատաքննության, որովհետև, ինչպես բազմիցս նշել ենք, հիմա էլ շարունակում ենք պնդել, այդ՝ մոտ 24-25 հազար էջում չկա որևիցե մի փաստաթուղթ կամ ցուցմունք, որը կարող է դրվի նման մեղադրանքի հիմքում կամ որը բացասական մեկնաբանության առիթ լինի կոնկրետ մեր վստահորդի վերաբերյալ»:
Քոչարյանի պաշտպաններն ասում են՝ դեռ ծանոթ չեն լրատվամիջոցներին ուղարկված նյութերի բովադնակությանը, բայց մտավախություն էլ չունեն, որ հրապարակումը կարող է ազդել բուն դատաքննության վրա, պնդում են՝ իրենք չեն արտահոսքի հեղինակը․ - «Գործում տեսել եմ ծանուցումներ 100-ից ավելի տուժողների, որ՝ կարող եք գալ գործի նյութերին ծանոթանալ, 4 մեղադրյալ․․․ չեմ բացառում նույն համակարգերի միջից արտահոսքը․․․»:
Լրատվամիջոցներում հրապարակումներ չկան անանուն էլ-հասցեից ուղարկված հաղորդագրության բովանդակությունից։ «Հայկական ժամանակում» մտադիր չեն հրապարակել ուղարկված նյութերը։ - «Մենք չենք օգտագործելու, բնականաբար, որովհետև իրա ծագման աղբյուրը մեր համար անհասկանալի է, նպատակն էլ է անհասկանալի ու մինչև գործը դատարան չմտնի իրավունք չունենք էլ», - ասում է Լուսինե Բարսեղյանը:
Անհայտ ծագմամբ հաղորդագրությունը ստացած մյուս լրատվամիջոցների խմբագիրներն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեցին՝ մտադիր էլ չեն հրապարակել այդ նյութերը։