Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծը․ այն ընդունվելու դեպքում Երևանի քաղաքապետը 575 հազարի փոխարեն կստանար 1 միլիոն 200 հազար, իսկ բաժնի պետը՝ 291 հազարի փոխարեն մոտ 363 հազար դրամ աշխատավարձ:
Մարությանն ասաց՝ աշխատում է 16 տարեկանից, ապահովված է, ֆինանսական ակնկալիք չունի, պնդել է, որ իր աշխատավարձը չբարձրանա, բայց իրավաբաններն ասել են՝ այդպես հնարավոր չէ: Մինչև նիստը սկսելը քաղաքապետն ասաց՝ եթե անգամ իր աշխատավարձն ավելանա, ինքը կշարունակի աշխատել 400 հազար դրամով: Բայց ընդգծեց՝ պետական աշխատողը պետք է պատշաճ աշխատավարձ ստանա:
Ու քանի որ այս նախագիծը բուռն քննարկումներով է ուղեկցվել նաև իրենց խմբակցությունում և ոչ միայն, քաղաքապետը հարցը հանեց օրակարգից՝ նշելով, որ դեռ քննարկումներ պետք է լինեն։
«Ես հիմա ստանում եմ մոտավորապես 400 հազար դրամ՝ մաքուր գումարի մասին է խոսքը, այս նախագծով պետք է դառնա 800 հազար դրամ, ես ասեցի այդ ավել այդ դելտան, տարբերությունը՝ 400 հազար դրամը, մենք ամեն ամիս կորոշենք, որ ինչ-որ մի բարեգործական միջոցառման կտանք, որը համայնքում է տեղի ունենում։ Ինձ պետք է, որ բոլորը համոզված լինեն իրենց մեջ, որ սա այն փաստաթուղթն է, որը մենք ուզում ենք, որ լինի։ Դրա համար ես այս հարցը օրակարգից այս պահին հանում եմ։ Մենք լայն կերպով կքննարկենք այն, նաև կիրազեկենք մեր բնակչությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ», - նշեց Մարությանը։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանի ամբիոնից դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ վերջինս իրենց՝ «Ելք» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն էր: Խաժակյանն ընդգծեց Փաշինյանի խոստումներից մի քանիսը, մասնավորապես այն, որ նա նշել էր․ «Քաղաքապետի պաշտոնը չեմ օգտագործելու իմ քաղաքական համակրանքն ու հակակրանքը կիրառելու համար...»։
«Շատ վատ է, որ երևանցին շարունակում է իր տուն մտնել՝ հատելով մահվան վերելակի շեմը, որի անվտանգ շահագործման պատասխանատուն այլևս Դուք եք։ Աղբի և փոշու կույտերի մասին նույնիսկ չեմ խոսում, երկար ժամանակ է ինչ դրանք արդեն սարերի են վերածվել։ Մի քանի վարչական շրջաններում իրար անհամատեղելի բաժիններ ևս փորձում էիք միավորել, այս ամենն արել եք՝ ազատվելու համար այն անձանցից, ում չկարողացաք նկատողություններով ազատել, ում վրա չստացվեց գործ հարուցել։ Սա է այն վառ օրինակը, որ Դուք կառավարումն իրականացնում եք՝ հիմք ընդունելով Ձեր քաղաքական համակրանքներն ու հակակրանքները», - նշեց Խաժակյանը։
Աշխատավարձերի բարձրացման նախագիծը տևական ժամանակ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցությունում: Դավիթ Խաժակյանը, դիմելով քաղաքապետ Մարությանին, ասաց, որ երեք ամիս ժամանակ են մսխել ու հիմա ծափ են տալիս, որ այն չարիքն, ինչ պետք է իրականացվեր բյուջեի գլխին, կյանքի չկոչվեց: Երբ Խաժակյանը հեռանում էր ամբիոնից, դահլիճից ռեպլիկներ հնչեցին, Խաժակյանն արձագանքեց՝ «իգիթյաննե՞ր են աճում», նկատի ունենալով Հանրապետական խմբակցության ավագանու անդամ Լևոն Իգիթյանին, որը նախկին ավագանու կազմում միշտ ընդդիմության հասցեին տեղից ռեպլիկներ էր անում:
«Պարոն Խաժակյան, խնդրում եմ, նստեք Ձեր տեղը և կարգուկանոնը խնդրում եմ պահպանեք, պարոն Խաժակյան։ Տիկին Խաչատրյան, Ձեզ էլ է վերաբերում», - արձագանքեց քաղաքապետը։
Հայկ Մարությանն արձագանքեց Խաժակյանի ելույթին. «Ես Ձեզ հետ համաձայն չեմ»։ Հայտարարեց՝ քաղաքապետարանը տարիներ շարունակ ամենակոռումպացված գերատեսչությունն է եղել։
«Ես հասկանում եմ, որ պոպուլիզմը կարող է իր գագաթնակետին հասնել, երբ 20 տարվա չլուծված պրոբլեմը ուզում ենք երեք ամսում կամ չորս ամսում լուծել, ես հասկանում եմ, որ դա Ձեր աշխատանքն է, ես դա նորմալ եմ ընդունում և դրա համար շատ կարճ ասում եմ՝ ես Ձեզ հետ համաձայն չեմ։ Ամենամեծ նվաճումը, որ ես կարող եմ ասել՝ քաղաքապետարանը հանդիսանում էր Հայաստանի ամենակոռումպացված գերատեսչությունը, ես այսօր Ձեզ վստահ հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Սա այն նվաճումն է, որին մենք չէինք կարող 20 տարի գայինք և մենք վեց ամսում դա արեցինք», - հայտարարեց Երևանի քաղաքապետը։
Ավագանու այսօրվա նիստում ընդունվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը» կվերանվանվի «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։
Անի Խաչատրյանն այս նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ ռուս հայտնի գեղասահորդ Իրինա Ռոդնինան Բաքվում հակահայկական հայտարարություններ էր արել: