Նիկոլ Փաշինյան․ «Թալանվողը թալանողի հետ ի՞նչ միասնական»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 8-ը մայիսի, 2019թ․

Նիկոլ Փաշինյանը չի կարծում, «թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն»: Այդ մասին վարչապետը հայտարարեց՝ այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին՝ «օրինակ՝ այն համատեքստում, երբ ասվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի, միասնականության ուղերձ է հղվելու միջազգային հանրությանը, հակառակորդին, մեր ժողովրդին»:

«Եվ ընդհանրապես՝ չկա որևէ ուժ էսօր Երկիր մոլորակի վրա, որ կարողանա Հայաստանի գործերին միջամտել, որովետև Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի Հանրապետությունում սեփական ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանություն է: Չկա ընդհանրապես էդպիսի ուժ, չի կարող լինել էդպիսի բան», - վստահեցրեց Փաշինյանը:

Ազգային միասնության մասին վարչապետը հայտարարեց․ - «Ես ասում եմ՝ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել էն հարցին, թե ոնց է, որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատեր են եղել, ես իր հետ միասնական չեմ կարող լինել: Չեմ կարող և իմ մտքով չի անցնում: Որովհետև բաներ կան՝ ես չեմ կարող ներել ընդհանրապես, բաներ կան՝ ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, բայց չեմ էլ կարող ներել»:

«Էն պետական պաշտոնյան, որ իր պաշտոնավարման արդյունքում իր ընտանիքի անդամները դարձել են միլիոնատեր, ես իրենց հետ միասնական լինել չեմ կարող: Որովհետև եթե ես իրենց հետ միասնական լինեմ, ես, նշանակում է, ընդունում եմ նաև իմ իրավունքը, որ ես իրավունք ունեմ՝ իմ ընտանիքի անդամները կարող են հիմա բիզնես ծավալել և միլիոնատեր դառնալ: Ոչ, դա հանցագործություն է: Եթե նույնիսկ էսօրվա Քրեական օրենսգրքով դա երբեմն դժվար է ձևակերպել, անցումային արդարադատության տրամաբանությամբ մենք պետք է սա ձևակերպենք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եվ էդտեղ ի՞նչ միասնականության մասին է խոսքը: Էսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ: Եթե էդ միասնականությունից 4 հոգի պակաս կա` միասնականություն մինուս 4, կամ 40 հոգի, կամ 100 հոգի, էդ իրենց խնդիրն է: Մինչև իրենք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել, իրենք չեն կարող՝ ի՞նչ միասնական: Թալանվողը թալանողի հետ ի՞նչ միասնական: Չկա տենց միասնականություն, չի լինելու տենց միասնականություն, բացառված է տենց միասնականություն»:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նրանք հույս էին հայտնել, որ Դավթյանն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

Այսօրվա ասուլիսում «Ազատության» մեկ այլ հարցի՝ «Իսկ որքա՞ն թալանված փող և գույք է այս ընթացքում վերադարձվել պետությանը և ումի՞ց է վերադարձվել, ինչ մասին, և ահռելի ծավալների մասին, Դուք բարձրաձայնել եք, երբ դեռ ընդդիմադիր գործիչ էիք», վարչապետն արձագանքեց․ - «Ես 32 միլիարդ դրամի մասին հիշատակեցի, և էստեղ հաշվառման որոշակի խնդիրներ կան: Օրինակ, կարծում եմ՝ մամուլում գրվել է, որ Սերժ Սարգսյանի եղբոր դրամական միջոցները այլ միջոցներով օգտագործվել են կոնկրետ պետական ծրագիր իրականացնելու համար, և էդ գործընթացում իրականում, մի քանի անգամ եմ ասել, կան բարդություններ, որովհետև որոշակի ընթացակարգեր կան, քննչական մարմինների հնարավորության սահմանափակումներ կան: Ասենք՝ 250 հազար դրամ ստացող քննիչի վարույթում, օրինակ, կարող է լինել 40 քրեական գործ, որոնք կապված են, ենթադրենք, 30 միլիարդ դրամի հետ, և ինքը պետք ա էդ գործը․․․ և բոլորըբողոքում են, որ էդ գործերը պատշաճ չեն քննվում»:

«Ենթադրաբար կարող են լինել որոշակի կողմնակի ազդեցություններ, և այլն, և այլն, և ես էդ առումով հնչող մտահոգությունները կիսում եմ, բայց ես էդ մտահոգությունները կիսելով նաև ասում եմ, որ եկեք արձանագրեք մի բան, որ չի կարող լինել ստվերային համաձայնություններ, ինչ-որ կուլիսային համաձայնություններ, անսկզբունք համաձայնություններ, էն պայմանով, որ մենք առաջադրել ենք սկզբունքը՝ որ մեր խնդիրը մարդկանց բանտերը լցնելը չի, մեր խնդիրը ժողովրդից թալանվածը վերադարձնելն է: Բոլոր էն դեպքերում, երբ որ հնարավոր կլինի դա անել առանց մարդկանց բանտերը լցնելու, մենք կնախընտրենք դա անել առանց մարդկանց բանտերը լցնելու: Սա նաև, կարծում եմ, մեր երկրի իմիջի հետ կապվող կարևոր ցուցանիշ է», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բայց, էլի եմ ասում, բացառված է, որ որևէ բան մոռացվի և որևէ բան չքննվի»:

«Շատ հնարավոր է, որ կոնկրետ դեպքեր լինեն, որ զուտ մեր օրենքի ընթացակարգերը թույլ չտան էդ դեպքերին հասնել: Որովհետև, օրինակ, կա բանկային գաղտնիքի գաղտնիություն, որը մենք հիմա քննարկում ենք, շատ բուռն քննարկումներ են՝ թե՛ միջազգային հանրության, և՛ ներսի մեր կառույցների հետ, բանկային գաղտնիքի մակարդակը որտե՞ղ պետք է լինի, որ նաև ֆինանսական կայունությանը սպառնալիք չլինի երկրի:Այսինքն՝ էս պրոցեսը, ես էդ օրինակը շատ եմ սիրում՝ ինքը բազմաթևանի ճոճանակ է, այսինքն՝ ոչ թե երկու թև են էդ ճոճանակի մեջ, այլ 7, 8, 12, և մենք խնդիր ունենք հավասարակշռությունը պահել: Որովհետև եթե ճոճանակներից մեկը շատ ծանր լինի, առանց հավասարակշռության, մենք կոլապսի կբերենք երկիրը, կառավարման համակարգը», - նշեց վարչապետը:

Ընդգծելով, որ, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կոլապս չի եղել, Փաշինյանը հայտարարեց․ - « Սա աննախադեպ բան է՝ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել էսպիսի մասշտաբային, և ոչ մի տեղ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ ֆինանսական, ո՛չ քաղաքական, ո՛չ կայունության հետ կապված՝ ոչ մի կոլապս մենք չենք ունեցել: Եվ դա նաև էն մոտեցման պատճառն է եղել, որ մենք համարել ենք, որ այնուամենայնիվ՝ երկրի բնականոն կյանքը ամենակարևոր առաջնահերթությունն է, և պետք չի մի նպատակի հետևից գնալով՝ հարվածի տակ դնել էն մյուս նպատակները: Ճոճանակի բոլոր թևերը հնարավորինս պետք է հավասարակշռված սպասարկվեն»: