«Եթե իշխանության մեջ թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ». Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ», - այսօր Ազգային պատկերասրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ճիշտ մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իշխանությունում կան թևեր, որոնք հատկապես ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել։

«Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ բացառվում է, որ թույլ տա երկրում անկառավարելիություն, «քաոսներ, վակխանալիաներ, ինտրիգներ պալատական»։ «Բացառված բան է։ Կոտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի՝ սաղմնային մակարդակում կչորանան, ով էդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ Սանասարյանի մասով բացառում է ոչ օբյեկտիվ քննությունը։

«Իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, բացառում եմ ոչ օբյեկտիվ քննությունը։ Եթե պարզվի այդպիսի բան, դաժան պատժի կենթարկվեն նրանք, ովքեր ոչ օբյեկտիվ քննություն են ծավալել», - ասաց Փաշինյանը։

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

«Հայաստանում սուպերվարչապետական համակարգ չկա»

Քննադատությանը, թե Հայաստանում պահպանվել է Սերժ Սարգսյանի հագով կարված սուպերվարչապետական համակարգը, Փաշինյանը հակադարձեց՝ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ չկա։

«Հասկանանք՝ ի՞նչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։ Արդյո՞ք սուպերվարչապետական համակարգ, կամ սուպերվարչապետական համակարգի հակառակը նշանակում է երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայաց։ Սուպերվարչապետը, կարո՞ղ եք բացատրել, ինչո­՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչի՞ համար։ Սուպերվարչապետն ի՞նչու է 5 ասուլիս անում, ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է, թե ի՞նչ հարց պետք է տաք։ Սուպերվարչապետական համակարգը օրենքը և միայն օրինական լծակները չեն, սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ «դու շաքար կներկրես, դու՝ չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, սալյարկի գործը քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, ստեղ իմն ա լրիվ, էստեղ գյուղապետ պետք է ընտրվի էսինչը, էս մեկի նկատմամբ գործը հարուցեք, էս մեկի նկատմամբ՝ կարճեք, դատավորները թող դատավճիռներն ինձ հետ համաձայնեցնեն նոր կայացնեն, սուպերվարչապետական համակարգը դա է», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է և ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։

«Սերժ Սարգսյանն էնքա՜ն հարցերի պետք է պատասխանի»

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ շուտով ասուլիս կհրավիրվի, կխոսի, նրան կհաջողվի՞ հանրությանն իր շուրջը համախմբել, Փաշինյանը պատասխանեց. - «Որ Սերժ Սարգսյանն ասուլիս է տալու, էդ շատ լավ է, և ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի՝ պարոն Սարգսյան, էդ ինչպե՞ս էր, որ ազգային բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ Ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին պաշտոնապես։ Երբ Սերժ Սարգսյանը էս հարցին պատասխանի, ես էլ Ձեր հարցին կպատասխանեմ, իսկ մինչև Ձեր ասած ցիկլը, Սերժ Սարգսյանն էնքա՜ն հարցերի պետք է պատասխանի»։