Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու նիստ է, որի օրակարգում նաև աշխատավարձերի բարձրացման մասին աղմկահարույց նախագիծն էր, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հանել այն օրակարգից՝ պատճառաբանելով, թե հավելյալ քննարկումների կարիք կա:
Մարությանը հայտնեց, որ նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում:
Ընդդիմադիրները դեմ են Երևանի քաղաքային իշխանությունների առաջարկած տարբերակով աշխատավարձերի բարձրացմանը՝ շահողը, կարծում են, ինչպես միշտ՝ ոչ թե միջին օղակում աշխատող մասնագետը, այլ՝ բարձրաստիճան պաշտոնյաներն են լինելու։ Քաղաքապետը, օրինակ, նախագծի ընդունման դեպքում 575 հազարի փոխարեն կստանա 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ, իսկ բաժնի պետը՝ 291 հազարի փոխարեն մոտ 363 հազար դրամ:
Այսօրվա նիստում Հայկ Մարությանը մասնավորապես հայտարարեց․ - «1700 աշխատակցի պարգևավճարը վերածվելու է աշխատավարձի: Քաղաքապետարանը կկարողանա նաև առավել որակյալ մասնագետների աշխատանքի ընդունել: Ես պարգևավճար չեմ վերցրել, չեմ էլ վերցնի: 16 տարեկանից աշխատում եմ, հիմա ապահովված մարդ եմ: Գումարային ակնկալիք չունեմ: Ես ասել էի, որ իմ աշխատավարձը չպետք է բարձրանա, բայց իրավաբաններն ասացին՝ դա անհնար է»:
Քաղաքապետը վստահեցրեց, որ իր աշխատավարձի ավելանալու դեպքում էլ, միևնույն է, ինքը կստանա նույն 400 հազար դրամը, իսկ մնացածը կուղղի բարեգործությանը:
Մանրամասները՝ քիչ անց