Ազգային ժողովն այսօր ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարեց, որ վստահության քվեն տալիս է Կառավարությանն՝ այս փոփոխությամբ իրականացնելու արդյունավետ կառավարում։
Նշենք, որ այս փոփոխությունով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել էր ապրիլի 18-ին։
Տե՛ս նաև այստեղ