Վանաձորում մի խումբ վարորդներ բողոքում են ավտոգազի թանկացումից

Այսօր Վանաձորում մի խումբ վարորդներ քաղաքի հրապարակ էին բերել իրենց գազով լիցքավորվող ավտոմեքենաները՝ ի նշան բողոքի նշան։

Մայիսի 1-ից Ազգային ժողովի ընդունած հարկային փոփոխությունից հետո գազալցակայաններում ավտոգազը վաճառում են ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Վանաձորցի բողոքող վարորդների հաշվարկներով, գազն այս դեպքում առնվազն 30 դրամով թանկ է նստում։

«Մի զապրավի մեջ հեչի պես մի երկու-իրեք, դաժե չորս հարյուր դրամ տարբերություն ա տալիս», - ասաց վարորդներից մեկը:

«Նիկոլ Փաշինյանը մեզ ասավ՝ ախպեր ջան, գազը դառնում ա կիլոյով: Բայց սովորական քաղաքացին, տաքսու վարորդը չպիտի տուժի: Էսօր ես տուժում եմ, էս մարդը տուժում ա», - հավելեց մեկ այլ ցուցարար:

Բողոքի ակցիայից հեռու՝ գազալցակայաններում, մինչդեռ, վարորդների մոտ էական դժգոհություններ չկային։ Ոմանք նշեցին, թե հարկային փոփոխությունն իրենց համար ավելի շահեկան է, մյուսները, թե՝ տարբերություն չեն տեսնում․ - «Նույն ձև ա: Գինը որ փոխվել ա մետր խորանարդից կիլոգրամի, էլի ոչ մի տարբերություն չի տալիս: Լրիվ նույնն ա»:

Վանաձորում ամենաշատ թվով գազալցակայաններ ունեցող «Սեզամ» ընկերության հաշվապահ Վահան Պապոյանը ևս իր հաշվարկներն առաջ քաշեց։ Նրա պնդմամբ՝ վնաս կրել է ընկերությունը, բայց ո՛չ սպառողը։

Ըստ նրա, առաջին օրը 260 դրամով վաճառել ու մի քանի հարյուր հազարի վնաս են կրել։ Մայիսի 2-ին 30 դրամով բարձրացրել են մեկ կիլոգրամ ավտոգազի գինը, բայց նախկին ծավալի դիմաց վարորդն ավելի շատ չի վճարում․ - «Մարդ կա, ասում ա՝ ավելի քիչ գումար վճարել ենք, ավելի շատ էլ քշել ենք: Այսինքն կիլոմետրաժի մեջ էլ են շահել: Ոչ միայն գումարի առումով, այլ նաև կիլոմետրաժի առումով»:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետ Արմեն Կոտոլյանն «Ազատությանն» ասաց, որ Հայաստանի բոլոր գազալցակայաններում դիտարկումներ են անում, թե արդյոք բոլորն անցել են կիլոգրամով վաճառքի և ինչ գներ են գործում։ Տեսչության նախնական դիտարկումներով գները տատանվում են 265-310 դրամի սահմաններում։

Մինչ պետական վերահսկողական մարմինը կանի իր եզրակացությունը, վանաձորցի վարորդներն ասում են, որ իրենց վառելիքի նախկին գներին վերադառնալու համար անգամ ճանապարհ են փակելու: