Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվեցին: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն ավելի վաղ ընտրված քաղաքապետ էր հռչակել ընդդիմության թեկնածուին, նախօրեին մտքափոխվել է․ հանձնաժողովը բավարարել է իշխող ուժի պահանջը, կասկածի տակ դրել իր իսկ կողմից հաստատված` ընդդիմության ջախջախիչ հաղթանակը և կրկնակի քվեարկություն նշանակել հունիսի 23-ին:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հաղթական արդյունքները, ըստ որոնց՝ մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել Էքրեմ Իմամօղլուն, վիճարկել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, պնդելով, թե քվեարկությունն ուղեկցվել է կոռուպցիայով և խախտումներով:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարևոր քայլ է Թուրքիայում ժոսղովրդավարության ամրապնդման համար: ԿԸՀ-ն կայացրել է ամենաճիշտ որոշումը», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, ով անցած ամիսներին նախընտրական քարոզարշավի ժամանակ կարծիք էր հայտնել, թե ՏԻՄ ընտրությունները վճռորոշ և կենսական նշանակություն ունեն երկրի և վերջին 16 տարիներին Թուրքիան ղեկավարող իր քաղաքական ուժի ապագայի համար:
Ստամբուլի չկայացած քաղաքապետը, մինչդեռ, խստորեն դատապարտել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իշխող ուժի ճնշումներին ենթարկվելու համար` որոշումը գնահատելով որպես դավաճանություն: Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ իշխանությունը փորձում է փոխել քվեարկության արդյունքները իր օգտին: «Եկեք միասնական լինենք, հանգիստ, միևնույն է՝ մենք կրկին հաղթելու ենք», - դիմելով աջակիցներին՝ երեկ երեկոյան հայտարարում էր Իմամօղլուն:
Անցած գիշեր ժամեր շարունակ Ստամբուլում կաթսաների և թավաների զրնգոցը չէր դադարում՝ ստամբուլցիներն այդ կերպ էին իրենց բողոքը հայտնում ընտրությունների արդյունքները չեղարկելու դեմ:
Մոտ մեկ ամիս առաջ Էրդողանի վարչակազմը անակնկալի էր եկել՝ լսելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Թուրքիայի հատկապես խոշոր քաղաքներում` Անկարայում, Իզմիրում, նույնիսկ Ստամբուլում, որտեղ 90-ականներին Էրդողանը քաղաքապետ էր ընտրվել, իշխանություններին մերժել են: Ի դեպ, Ստամբուլում առաջադրվել էր նախագահի մերձավոր դաշնակից և նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ իշխանությունը ծանր պարտություն է կրել նաև Անկարայում, որտեղ քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածու Մանսուր Յավաշը: Թուրքական քաղաքագիտական շրջանակներում նշում են, թե Էրդողանը Ստամբուլը հեշտությամբ չի զիջի մրցակիցներին, քանի որ չգրված օրենք է՝ ով հաղթում է Ստամբուլում՝ հաղթում է Թուրքիայում: Բազմիցս սա կրկնել է նաև Էրդողանը, ով չի թաքցնում՝ մտադիր է իր վերահսկողության տակ վերադարձնել երկրի տնտեսական մայրաքաղաքը:
Փորձագետների գնահատմամբ՝ անցած մարտին տեղի ունեցած ընտրությունների՝ իշխանության համար տհաճ արդյունքները պայմանավորված են երկրում առկա տնտեսական խնդիրներով: Վերջին մեկ տարվա ընթացքում ազգային տարադրամն արժեզրկվել է մոտ 30 տոկոսով, գնաճը հասնում է 20 տոկոսի:
Այսօր խորհրդարանում ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահը կոշտ քննադատություն է հնչեցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը քննադատող գործարար շրջանակների հասցեին: «Թուրքական տնտեսությունը սաբոտաժի է ենթարկվում, իմացեք ձեր տեղը», - կշտամբել է Ռեջեփ Էրդողանը:
Երկրի և իշխող կուսակցության առաջնորդը տեղեկացրել է, որ Ստամբուլում կառաջադրեն նույն՝ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը: Ընդդիմության թեկնածուն նույնպես կմնա նույնը՝ Էքրեմ Իմամօղլուն, ով անցած քվեարկության արդյունքներով Յըլդըրըմից ավելի քան 13 հազար ձայն ավելի էր ստացել: