Հայաստան – ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ «որոշակի քննարկումներ են եղել»

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի քննարկումներ կան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին։

«Որոշակի քննարկումներ են եղել երեկ հանդիպման ժամանակ», - նշեց պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Քենթը ներկայացրել է իր երկրի մոտեցումները միջազգային մարտահրավերների վերաբերյալ։

Տոնոյանի հաղորդմամբ՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ քննարկումները շարունակվելու են։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Քենթի ղեկավարած պատվիրակությանը երեկ ընդունել է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով ընդգծել է՝ Հայաստանի համար կարևոր է ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության խորացումը։ Ի պատասխան՝ Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ն իր հերթին հետաքրքրված է Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ:

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը որպես համագործակցության կարևոր ուղղություններ ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև ընտրական և ոստիկանական ոլորտներում գործակցությունը:

Փաշինյանը և Քենթը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային մարտահրավերների և գործընթացների մասին։