Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնելով, որ ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է մայիսյան Եռատոնը, և ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հյուրերի, Արցախի բոլոր նախկին ղեկավարները՝ «մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը», Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին ղեկավարները Հայաստանի գլխավոր դատախազին խնդրում են մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պատրաստակամություն են հայտնում «հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար», և հույս են հայտնում, որ Արթուր Դավթյանն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: