Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր. Տոնոյան

Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ազատություն». - Ի՞նչ տեղեկություն կա հայ-ամերիկյան ռազմատեխնիկական համագործակցությունից։

Տոնոյան. - Որոշակի քննարկումներ են եղել երեկ հանդիպման ժամանակ։

«Ազատություն». - Առաջա՞րկ է հնչել ամերիկյան կողմից։

Տոնոյան. - Ոչ այդպես, բայց կա որոշ քննարկում։

«Ազատություն». - Շարունակվելո՞ւ են այդ քննարկումները։

Տոնոյան. - Ցանկացած քննարկում չպետք է ավարտվի, մինչև լուծումները տրված չեն։

Նշենք, որ Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը։ Նա այստեղ է՝ մասնկացելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին, որը կկայանա այսօր՝ Երևանում։

Ջորջ Քենթը երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Հայաստան էր ժամանել նաև անցած տարվա հոկտեմբերին: