«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարեց՝ իրենք դեմ են Կառավարության կառուցվածքում փոփոխությունների այս նախագծին։
«ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն պետք է չունենա քննչական մարմին, դա մեր մոտեցումն է և պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո։ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է այս կառուցվածքին, մենք գտնում ենք, որ էս կառուցվածքը շատ վատ հետևանքներ ա ունենալու և դրա հետևանքները օր-օրի դուրս են գցելու», - ասաց Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունն ևս չի փոխել իր տեակետը և դեմ է քվեարկելու նախագծին։
«Մենք բերում ենք, կենտրոնացնում ենք 6-7 նախարարի ոլորտ, էդ նախարարը մեկ-երկու ոլորտից դեռ պետք է սովորի, թե ինչ է անում, ինքը ո՞նց պիտի վերցնի քաղաքական պատասխանատվություն։ Ախր ո՞նց բացատրեմ, որ հասկանաք, ինքը չի կար վերցնի քաղաքական պատասխանատվություն, ինքնուրույն մշակի և իրականացնի այդ ոլորտի քաղաքականությունը, չի կարա, բա ինչի՞ համար են մշակված այդ մենեջմենթի սկզբունքները։ Նախ փոխվարչապետների մասին ընդհանրապես չեմ խոսում, որ նրանք չունեն իրավական գործիքներ», - ասաց Մելքումյանը՝ նշելով, որ որևէ մասնագիտական հիմնավորման նախագիծը չի ենթարկվում։
«Բարգավաճ Հայաստան»-ը վերահաստատում է, որ այս կառուցվածքը ամենևին էն ծրագրերի իրականացմանը, որ մենք հեղափոխությունից հետո դնում ենք մեր երկրի առջև, մեր ժողովրդի առջև, կարճ ժամանակ հետո հետ ենք գալու և տեսնենք, որ պրոբլեմներ ունենք, բայց արդեն հարցականի տակ դրած այն ինստիտուտների գոյությունը, որ Սահմանադրությամբ և օրենքներով պետք է կրեն էդ իմ ասած քաղաքական պատասխանատվությունը։ Մենք հստակ նորից դեմ ենք քվեարկելու», - ասաց Մելքումյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց՝ «Իմ քայլը»-ը կողմ է քվեարկելու կառավարության բերված օրենսդրական այս նախաձեռնությանը։
«Կոչ եմ անում ձեզ դուրս գալ հին տրամաբանությունից, չմտածել ու չհամեմատել ո՛չ ձեզ, ո՛չ մեզ նախկինում այս դահլիճում նստած որոշ մարդկանց հետ։ Չհամեմատել թե՛ գործելաոճը, թե՛ ցանկությունները, մեզանից որևիցե մեկն այդ աթոռներին, այդ սուպերվարչապետներին, կամ նախարարներին, կամ պատգամավորական աթոռներին կառչած չէ։ Մենք մեր անցած ճանապարհով և այսօրվա գործունեությամբ դա ապացուցել ենք ու կապացուցենք ապագայում նույնպես»։
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այն ընդունել է ապրիլի 18-ին։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել նախագծին։
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո: