Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան՝ այս անգամ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, և հայկական կողմի հետ քննարկել համագործակցության օրակարգը: Ջորջ Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ը հետաքրքրված է հարաբերությունների զարգացմամբ և Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր:
Որպես ինստիտուցիոնալ կարևոր ուղղություն՝ Փաշինյանը նշել է դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև ընտրական և ոստիկանական ոլորտներում գործակցությունը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ և ժողովրդավարական ընտրություններ, որոնք պետք է երաշխավորվեն ինստիտուցիոնալ առումով, և այս ուղղություններով բարեփոխումների իրականացումը զգալի կարևորություն ունի: Անդրադառնալով տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել ջրամբարաշինության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությունը, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Ջորջ Քենթը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի՝ ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև տարբեր ուղղություններով քայլերը և պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հայաստանի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային մարտահրավերների և գործընթացների շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել միջկառավարական հանձնաժողովի՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վաղը կայանալիք նիստին:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին այսօր ընդունել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Տոնոյանն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ: Քենթը ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Հայաստան էր ժամանել նաև անցած տարվա հոկտեմբերին: