Թեև բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, սակայն ամենակարևորը` պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, այսօր Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին Ծառուկյանից, թե իր ինչի՞ն է պետք նաև պատգամավոր լինելը, հաշվի առնելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում բիզնեսը քաղաքականությամբ պաշտպանելու անհրաժեշտություն չկա։
«Պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարևորը, ես էլի եմ ասում, պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ծրագիր, ցանկացած ներդրում կայանում է ծանոթության, վստահության կլոր սեղանի շուրջ», - պատասխանեց ԲՀԿ առաջնորդը։
Հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է մանդատը վայր դնի, որպեսզի խոսակցությունները դադարեն, Ծառուկյանն արձագանքեց. - «Իմ պատասխանում և՛ իրավական, և՛ քաղաքական լիարժեք պատասխանը բարձր մակարդակով ներկայացված է։ Ես նորից եմ ասում՝ այսպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին, ներդրմանը։ Այս 15 օրվա լարվածությունն՝ անհիմն, մեջը ոչ մի բան չկար, սա ազդում է, և այո, այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, որ 12-ից 18 ներդրողներ, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող ա մեկը քնից արթնանա և ինչ-որ անհիմն հայտարարություն անի։ Ներդրողը պետք է վստահ լինի, հավատք ունենա, այս ձևի մանր-մունր խոսակցությունները չի կարելի, կարամ գրեմ, ստորագրեմ, դուք կտեսնեք, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա, որ մարդկանց մեջ մտավախություն կա՝ այս երկրում ներդրում դնեն, թե՝ ոչ»։
Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը օրերս դիմել էր գլխավոր դատախազին և Աժ նախագահին՝ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով: Կուսակցության ներկայացուցիչները համարում են, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Ծառուկյանի և ԲՀԿ խմբակցության ակտիվ մասնակցությամբ խախտվել են Սահմանադրությունը և այլ օրենքներ:
Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԲՀԿ առաջնորդի դեմ հաղորդմանը:
ԱԺ նախագահն անցած շաբաթ իր գրությամբ մտահոգություն էր արտահայտել ԲՀԿ առաջնորդի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ և հորդորել հրապարակային պարզաբանումներ ներկայացնել:
Հակադարձելով այս պնդումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն հայտարարել է, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում: