Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու տեղեկությունը

Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը հերքում է մամուլի հրապարակումները, թե ինքը բռնություն է գործադրել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ:

Ըմբշամարտիկը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ հայտնվեցին հրապարակումներ, թե Մխիթարյանը ոստիկանությանը հայտնել է, որ Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները երեկ «ձեռքերով ու ոտքերով հարվածել են իրեն»։

Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին, որ երեկ իսկապես ահազանգ են ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության մեքենայով քաղաքի կենտրոնից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ՝ սալջարդերով։
Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Սերգեյ Միխիթարյանը հետազոտվելուց հետո նույն օրը դուրս է գրվել։

«Մանրամասն չեմ կարա ասեմ ինչ է ունեցել, որը բժշկական գաղտնիք է, ինքը մի ժամ, ժամ ու կես հետո դուրս է գրվել, այսինքն հետազոտվել է, որ տեսել են վտանգավոր բան չկա, գնացել է տուն», - նշեց Միքայել Մանուկյանը։

Սերգեյ Միխիթարյանի հետ այսօր կապվել չհաջողվեց, նա ո՛չ հեռախոսազանգերին պատասխանեց, ո՛չ արձագանքեց իր տան մուտքի զանգերին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Պուշկինի վրա գտնվող շենքի ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հայր և որդի Ջուլֆալակյանները հարվածել են Սերգեյ Մխիթարյանին։

Արսեն Ջուլֆալակյանը այսօր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց ընտանիքի բինզես գործընկերն է։ - «Միանգամից ասեմ՝ ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և, իհարկե, Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել, կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։ Հետագայում, իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին, ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում», - գրել է Ջուլֆալակյանը՝ ավելացնելով, թե իրականում չի էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ինքը հոր հետ միասին մեկին ծեծեր՝ «ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ»։

Լևոն Ջուլֆալակյանը ևս հայտնի ըմբշամարտիկ է:

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագրում 2 բնակարաններից ու հաղատարածքից բացի նշում կա նաև «հասարակական նշանակության շինություն» ունենալու, ինչպես նաև աշախտավարձից բացի ամսական 600 եվրո այլ եկամուտի մասին։ Ֆեյսբուքյան գրառման վերջում, պատգամավորը նշել է, որ՝ «ինչու՞ է պատգամավորը բիզնեսով զբաղվում» հարցին ցանկանում է միանգամից պատասխանել։

«Փետրվարից սրճարանը վարձով է տրված, մինչև այդ էլ երբեք անձամբ չեմ զբաղվել դրա գործերով, եղել եմ «պասիվ ինվեստոր», - նշել է Ջուլֆալակյանը։