Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Զարուհի Մուրադյանը, թեպետ շատ-շատերին ավելի հայտնի է որպես ակտիվ հասարակական գործիչ, հրաշալի գեղանկարիչ է: Ես միշտ տարակուսանքով եմ նայել այն հանգամանքին, որ այդ հասարակական-քաղաքական ակտիվության բերումով, Զարուհին կարծես սկսեց չբավարարվել միայն գեղանկարչությամբ և հետզհետե դադարեց նկարել: Եվ այս ցուցահանդեսը, որ նա մեզ նվիրեց իր իսկ հոբելյանի առթիվ, ես շատ իրեն սրա համար: Թույլ տվեց, որ մենք շատ թե քիչ ամբողջությամբ հասկանանք՝ ի՞նչ է իրականում Զարուհի Մուրադյան գեղանկարիչը: Շատ հետաքրքիր, զգացմունքային, մտերմիկ, հարազատ ելևէջներ կան իր գեղանկարչության մեջ՝ կապված 80-90-ական թվականների այդ պրոցեսների հետ, որ տեղի էին ունենում Հայաստանում և հայ կերպարվեստում: Շատ յուրահատուկ է Զարուհի Մուրադյանը»:
«Ազատությունը» զրուցեց գեղանկարչուհու հետ:
«Իմ հոբելյանական ցուցահանդեսն է, բայց ես այդ փաստը չեմ նշում, որ չհարցնեն քանի տարեկան եմ: Երեսուներեք աշխատանք է ներկայացված իմ վաղ շրջանի: Վերջին տարիներին ես հիմնականում զբաղվում եմ ցուցահանդեսային, այսինքն՝ ավելի ակտիվ գործունեությամբ: Եվ շատերը ինձ հանդիմանում էին և նույնիսկ բարկանում էին, որ չեմ շարունակում նկարել: Երևի թե մի օր նորից վերադառնամ: Ափսոսում եմ իհարկե, բայց երևի ակտիվ գործունեությունը ինձ ավելի հարազատ է հիմա: Ե՛վ քաղաքականության, և՛ բարեգործության, և զորքին օգնելու», - ասաց Մուրադյանը:
Հարցին, թե որն է իր համար ամենակարևոր սկզբունքը գեղանկարչության մեջ, նա պատասխանեց․ - «Ազնվությունը արվեստի մեջ: Հիմա շատ-շատ մարդիկ, նույնիսկ լավ նկարիչներ, ում ես գիտեի, որ շատ լավ նկարիչներ են, սկսել են սալոնային, այսինքն վաճառքի համար անել այն, ինչ որ այնքան էլ իրենց սրտին մոտ չի: Ես հասկանում եմ, մարդիկ կան, որ դրանով ապրում են, բայց արվեստում երևի մնայունը լինում է նա, ինչը որ անկեղծ է, ինչը որ նկարելիս դու չես մտածում ինչի համար ես նկարում: Ուղղակի զգում ես պահը, քո զգացածը փոխանցում ես»:
Անդրադառնալով մերօրյա հայ գեղանկարչությանը՝ Զարուհի Մուրադյանն ասաց, որ «շատ տարբեր» է գնահատում այն․ - «Ունենք լավ գեղանկարիչներ: Իհարկե, ինձնից շատ ավելի երիտասարդները կարծես հեռանում են մեր ազգային ակունքներից: Այնուամենայնիվ երիտասարդների մեջ կան շատ լավերը»: