Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի հետ. Փաշինյան

Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ, այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը։ Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը: Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ: Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն: Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարման համակարգում փոփոխություններ են իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը. - «Ձևավորվում է նոր նախարարություն և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է»։