Երևանի քաղաքապետը կվարձատրվի գրեթե այնքան, որքան վարչապետը, եթե առաջիկա նիստում հավանության արժանանա աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու նախագիծը:
Օրինակ, քաղաքապետ Հայկ Մարությանը նախագծով կստանա 1 միլիոն 200 հազար դրամ, այժմ ստանում է 575 հազար դրամ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետը ցանկություն է հայտնել հրաժարվել աշխատավարձի բարձրացումից, սակայն չի կարող։
«Հրաժարվել է պարգևատրումից և նույն տրամաբանությամբ, նա մտադրություն է հայտնել հրաժարվել նաև աշխատավարձերի փոփոխությունից, սակայն օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս», - նշեց Հակոբ Կարապետյանը։
Աշխատավարձի բարձրացումը պարտադիր կլինի նաև քաղաքապետարանի մյուս պաշտոնյանների համար, եթե ավագանին այս շաբաթ հավանություն տա նախագծին։ Քաղաքապետի տեղակալները կստանան 947 հազար դրամ, ավելին, քան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի վարձատրությունն է։
«Մարզպետը վարձատրվելու է ավելի քիչ, քան թաղապետի տեղակալը։ Ունենք 22 թաղապետի տեղակալ, վերջիններս ավելի շատ կվարձատրվեն քան մեր 10 մարզպետները։ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊՎԾ պետը, ՊԵԿ պետը ստանալու են ավելի ցածր աշխատավարձ, քան քաղաքապետարանում մի շարք պաշտոնյաներ», - ասաց ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Լույս» խմբակցությունը քաղաքապետարանի որոշումն անտրամաբանական է համարում։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք կողմ են աշխատավարձերի բարձացմանը, բայց դեմ են, Դավիթ Խաժակյանի ձևակերպմամբ, անհավասարաչափ բարձացմանը։
«Այս փոփոխությունը, նման ուռճացումը և անհավասարաչափ աշխատավարձերի բարձրացումը նաև հանգեցնում է նրան, որ քաղաքի վրա ֆինանսական բեռը 2 միլիարդ դրամով մեծանում է», - նշեց Խաժակյանը։
Քաղաքապետարանի աշխատակազմը չի ուռճացվել, այսինքն նոր հաստիքներ չեն ավելացել, Դավիթ Խաժակյանին հակադարձում է քաղաքապետի մամուլի քարտուղարը։ Կարապետյանի խոսքով՝ պարզապես քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողները կտեղափոխվեն քաղաքապետարանի աշխատակազմ։ Խաժակյանն, ի դեպ, պնդում է՝ այդ փոփոխությամբ քաղաքապետարանի աշխատակազմը 40 տոկոսով կավելանա։
«Ժամանակին մենք Հանրապետականին մեղադրում էինք, ասում էինք՝ «դու վարչական ռեսուրս ես պահում և դա հետագայում այլ նպատակներով ես օգտագործում, բայց հիմա փաստորեն նոր իշխանությունը էդ թիվը էլ ավելի է մեծացնում», - ընդգծեց «Լույս» խմբակցության ղեկավարը։
«Հաստիքացուցակների ուռճացման մասին հայտարարությունը, հատկապես 40 տոկոսի վերաբերյալ, եթե ապատեղեկատվություն չէ կամ հանրությունը դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ չէ, ապա ուղղակի անտեղյակության հետևանք է», - նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներից քաղաքապետարանի աշխատակազմ տեղափոխել ընդամենը 70 աշխատակցի։
«ՓԲԸ-ներից համայնքապատկան աշխատողները տեղափոխվել են քաղաքապետարան, դա հասկանալի է, բայց կրկնում եմ, երբ մենք այդ թիվը հանում ենք միջից, տեսնում ենք, որ միևնույն է, մեծ քանակությամբ նոր հաստիքներ են գոյացել», - ասաց Խաժակյանը։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Կարապետյանը ընդգծեց. «Տեղի է ունեցել մեխանիկական ավելացում, բայց հաստիքների օպտիմիզացիա է, ընդհանուր առմամբ, տեղի ունեցել. որտեղ որ պետք է հաստիքի ավելացում, ավելացվել է, որտեղ պետք է հաստիքի կրճատում, կրճատվել է»։
Ավագանու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ են դեմ աշխատավարձերի բարձացման որոշմանը։ Կողմ են աշխատավարձերի բարձացմանը, սակայն ոչ քաղաքապետարանի կողմից առաջարկվող տարբերակով։
«Մենք առաջարկելու ենք փոփոխություններ կատարել տվյալ նախագծի մեջ, առաջարկել ենք, որ ստորին օղակի աշխատավարձը բարձրացվի 100 տոկոսով, իսկ քաղաքային իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվի 50 տոկոսով՝ ոչ ավել։ Փորձնք համոզել, որ իրենք այդ կամային քայլին գնան», - ասաց Մանրիկյանը։
Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ աշխատավարձի բարձացման մի մասը նախատեսվում է պարգևավճարների ֆոնդից վճարել։
«Քաղաքի վրա ֆինանսական բեռը այնքան է մեծանում, որ քաղաքը այլևս կայուն կերպով պետք է կանաչապատումից, վերելակներից, մի քանի այլ ծախսային հոդվածներից կրճատում կատարի», - ասաց Խաժակյանը։
Հակոբ Կարապետյանը նշեց. «Այն մարդիկ, որոնք տարակուսում են կամ հարցեր ունեն դրույքաչափերի փոփոխության, համամասնության վերաբերյալ, կարծում եմ՝ պետք է ավելի լավ ուսումնասիրեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը»։
Քաղաքապետի մամուլի խոսնակի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումն իրականացվում է ոչ թե կամայական, այլ օրենսդրությանը համապատասխան։
«Եթե այս որոշակի օղակում աշխատող աշխատակցի վարձատրությունը բարձրանում է իքս գումարով, համապատասխան կերպով պետք է բարձրանա նաև ավելի վերին օղակներում գտնվող պաշտոնյայի աշխատավարձը», - ընդգծեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։
Աշխատավարձի բարձրացման որոշման նախագիծը նախատեսվում է ընդունել մայիսի 8-ին։ Մինչ այդ՝ երկու ընդդիմադիր խմբակցություններից ասում են, որ իրենք կողմ չեն քվեարկի նախագծին, եթե այն փոփոխության չենթարկվի։ Եթե այն ընդունվի, ապա կդառանա քաղաքապետարանում վերջին տարիներին աշխատավարձի նման ծավալով առաջին բարձրացումը։