Եռօրյա այցով Ադրբեջան է ժամանել Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Օլեգ Բոլոկոնևի գլխավորությամբ:
Ըստ բելառուսական պաշտոնական աղբյուրների՝ այցի ընթացքում Բոլոկոնևը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ: Բանակցությունների օրակարգի մասին չի հաղորդվում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակից Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: Անցյալ տարի Մինսկը Ադրբեջանին է վաճառել "Полонез" տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է 200 կիլոմետրի:
Անցյալ նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բելառուս այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրները առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն: