«Աերոֆլոտ»-ի օդանավում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, կա առնվազն տասը վիրավոր

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռը հրդեհից հետո, 6 մայիսի, 2019թ․

Կեսգիշերին Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատեց, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել, առնվազն տասը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Զոհվել են նաև երեխաներ և անձնակազմի մեկ անդամ, ով օգնում էր ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից։

Նախնական տվյալներով՝ «Շերեմետևո»-ում վթարային վայրէջք կատարած օդանավում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ, կամ ազգությամբ հայեր չկան, «Ազատության»-ը փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։

Ռուսաստանի քննչական կոմիտեն արդեն նշել է աղետի պատճառների վերաբերյալ հիմնական վարկածները՝ օդաչուների, դիսպետչերների, օդանավը սպասարկող մասնագետների ցածր որակավորումը , օդանավի անսարքությունը և եղանակային վատ պայմանները։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ օդանավի «սև արկղերն» արդեն հայտնաբերվել են:

Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ այրվել է։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից 28 րոպե անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կայծակն է եղել։

«Սուխոյ սուպերջեթ»-ի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմում է, որ օդանավում կայծակի հետևանքով շարքից դուրս է եկել ռադիոհաղորդակցության համակարգը, և անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել։

Հրդեհը բռնկվել է արդեն անհաջող վայրէջքի ժամանակ, թե ինչո՞ւ է բռնկվել, Եվդոկիմովը չի կարող հստակ բացատրել։ Վայրէջքի ժամանակ օդանավը երկու անգամ հարվածել է թռիչքուղուն։

Քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով։

Ինքնաթիռը 2018 թվականի արտադրության էր: «Սուպերջեթ»-ը վատ հեղինակություն ունի։ Այս ընկերության օդանավերը գրեթե չեն գնում արտասահմանյան ընկերությունները։

Հիշեցնենք՝ փորձնական թռիչքի ժամանակ՝ դեռևս 2012 թվականին, Ինդոնեզիայում «Սուպերջեթ»-ը կործանվել էր, զոհվել էր 45 մարդ։

«Սուպերջեթ» օդանավերն արտադրում է «Սուխոյ» ընկերությունը, «Սուպերջեթ» առաջին օդանավերից մեկը ձեռք էր բերել հայկական «Արմավիա» ընկերությունը 2008 թվականին։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Ռոմանովն առաջարկել է չեղարկել «Սուպերջեթ»-ի բոլոր չվերթները մինչև հետաքննության ավարտը և «Սուպերջեթ»-ի բոլոր ինքնաթիռների ամբողջական տեխնիկական ուսումնասիրությունը։

Ռուսաստանի իշխանությունները, սակայն, հայտարարում են, թե այսօր չկան նախադրյալներ «Սուպերջեթ»-ի թռիչքները չեղարկելու համար: Այս մասին հայտարարել է, մասնավորապես, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Համացանցում տարածվել են տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում օդանավը, կա նաև տեսագրություն օդանավի ներսից։ Կա նաև տեսագրություն, որտեղ երևում է, որ հրդեհից փրկված ուղևորների ձեռքին իրենց ճամպրուկներն ու պայուսակներն են։

Մուրմանսկի մարզում սուգ է հայտարարվել է, Մոսկվայում և Ռուսաստանում՝ ոչ:

Ռուսաստանցիները համացանցում ակտիվորեն քննարկում են կատարվածը և մի շարք հարցեր են բարձրաձայնում, մասնավորապես՝ «Սուպերջեթ» օդանավերի հետ կապված. - «Ինչո՞ւ են վտանգում մարդկանց կյանքը՝ միայն նրա համար, որ իշխանություններն ասեն, թե Ռուսաստանն է՞լ է արտադրում ժամանակակից օդանավեր»:

Ռուսաստանցիները նաև դժգոհում են այն հանգամանքից, որ իշխանությունները սովորության համաձայն փորձել են հնարավորինս ձգձգել զոհերի մասին տվյալների հրապարակումը․ սկզբից ասում էին, թե հրդեհի հետևանքով զոհվածներ չկան, հետո՝ որ մեկ մարդ է զոհվել, հետո հնչեց 13 թիվը, հետո արդեն կեսգիշերին Քննչական կոմիտեն հայտնեց 41 զոհի մասին։ Հարցեր կան նաև հրշեջ ծառայություններին՝ տեսագրություններում երևում է, որ այրվող օդանավի մոտ վայրէջքի պահին չկան հրշեջ մեքենաներ և փրկարարներ։