Բոլորովին վերջերս Հայաստանի պետական կամերային նվագախումբը Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հանդես եկավ մի շատ հետաքրքիր ծրագրով՝ Արտո Թունջբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի, նաև երիտասարդ երաժիշտների հետ միասին, և ահա վաղը՝ մայիսի 5-ին կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երկու տարբերակ․ դասականը հանդիպում է ջազին» խորագրի ներքո հանդես կգա մեկ այլ՝ շատ ուշագրավ ծրագրով, այս անգամ արդեն` Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ:
Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ներկայացնելով համերգային ծրագիրը, շեշտեց, որ Արևմուտքում շատ ընդունված են նման համերգները, բայց մեզ մոտ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
«Ծրագիրը շատ հետաքրքիր ծրագիր է ինքնըստինքյան։ Չայկովսկին ունի «Շչելկունչիկ» բալետը, որից նա ստեղծել է «Շչելկունչիկ» սյուիտան, որ փոքր կտորներով կարողանա ներկայացնել համերգներին։ Գրիգը նույնպես «Պեր Գյունտ» իր ստեղծագործությունից ստեղծել է նույնպես սյուիտ, մի քանի ստեղծագործություններ ամենահայտնի կտորներով։ Ամերիկացի աշխարհահռչակ ջազ երաժիշտ Դյուկ Էրինգտոնը վերցնելով այդ երկու սյուիտները ստեղծել է ստեղծագործություններ, այսինքն՝ նույն թեմաներով ստեղծել է ջազային վերսիա։ Մենք այս համերգին կատարելու ենք այսպիսի մի վերսիա, այսինքն՝ մենք կատարելու ենք դասականը, ոնց որ գրել է Չայկովսկին և ոնց որ գրել է Գրիգը, որից հետո միանգամից հնչելու է նույնի ջազային վերսիան։ Բոլոր այս համարները մեկ-մեկ լինելու են մեկ դասական, մեկ ջազային կտրվածքով», - նշեց Վահան Մարտիրոսյանը։
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի համոզմամբ էլ՝ նման համերգները չեն կարող անտարբեր թողնել երաժշտասերներին. «Փորձաշրջանի ընթացքում ես գնալով ավելի եմ համտեսում, այսպես ասած, այդ շատ գեղեցիկ գործիքավորումները և գնալով ավելի շատ եմ սկսում կապվել դրանց ու հասկանում եմ, որ իմ կյանքում այդ գործիքավորումները ուրախ կլինեմ, եթե հնարավորություն ունենամ նորից հնչեցնելու նվագախմբի կատարմամբ։ Նման է շատ համեղ ուտելիքի, որը ինչքան հաճախ ես համտեսում, այնքան դառնում ես կապված»։
Ամենաուշագրավն ու հետաքրքիրն այն է, Վահան Մարտիրոսյանի համոզմամբ, որ ունկնդիրը իր համար նոր բացահայտումներ է անելու այս համատեղ համերգի ընթացքում՝ պարզելով, «թե ինչպես երաժշտությունը կարող է հնչել տարբեր ստիլերի մեջ և շատ տարբեր ոճերի մեջ, և շատ հետաքրքիր է, թե նույն դասականը, այն, ինչ մենք անգիր գիտենք, ինչպես է կարելի ներկայացնել 20-րդ դարի հնչյուններով»։
«Ազատության» հարցին, թե արդյոք դասական երաժշտությունն այսուհետ ջազ նվագախմբի համար կարող է դառնալ մի հրաշալի պահուստային ֆոնդ, որտեղ մշտապես կարելի է ջազային մշակումների ու գործիքավորման համար ստեղծագործություններ գտնել, Արմեն Հյուսնունցը պատասխանեց. «Կան գաղափարներ, չեմ ուզում բարձրաձայնել հիմա։ Ունենք, մենք էլի ունենք նմուշներ, երբ որ մշակված են նորից դասական երաժշտության նմուշներ տարբեր գործիքավորողների, երաժիշտների կողմից, ամերիկյան հիմնականում, բայց, իհարկե, կարելի է չբավարարվել միայն դասական երաժշտության նմուշներով»։