Տեղի է ունենում պրոցես, որը մեծ հաշվով կապ չունի իրավական պրոցեսի հետ. Սանասարյան

«Տեղի է ուենում պրոցես, որը մեծ հաշվով կապ չունի իրավական պրոցեսի հետ», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Ազատություն». - Դուք արդեն բնորոշել եք՝ շինծու, Ձեր փաստաբանն էլ ասել է քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ։

Դավիթ Սանասարյան. - Ես չեմ կարող նախաքննության էս փուլում փակագծեր բացեմ։ Անկեղծ ասած, վայրկյան առաջ սպասում եմ, որ հանրությունը իմանա, թե ինչի մասին է խոսքը։

«Ազատություն». - Բայց կարող եք ասել՝ ո՞վ և ինչո՞ւ է ուզում Ձեր դեմ գործ սարքել։

Սանասարյան. - Դա չեմ ուզում ասել: Առհասարակ ես տարբեր ոտքեր եմ տրորում, տրորում եմ երկար տարիներ, հիմա ևս մինչև լիազորությունների դադարեցնելը էլի շատ-շատերը տուժել են իմ գործունեությունից: Բայց պետությունը, վստահ եմ, շահել է, և շատերին կարող է դուր չի գալիս։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, բայց գործ սարքելու լծակ ունի իշխանությունը, և Ազգային անվտանգության ծառայությունն էլ ուղիղ վարչապետին է ենթարկվում, էլ ո՞վ պետք է սարքեր այդ գործը։

Սանասարյան. - Դրա համար առաջարկում եմ մի քիչ էլ սպասենք։

«Ազատություն». - Բայց պնդո՞ւմ եք, որ սարքած գործ է։

Սանասարյան. - Բնականաբար սա չի համապատասխանում իրականությանը։

«Ազատություն». - Բայց սադրանքն ուրիշ բան է, որ հատուկ Ձեր դեմ սարքել են, դա այլ բան է։

Սանասարյան. - Ես ունեցել եմ հիմքեր դա ասելու համար։

«Ազատություն». - Եվ քաղաքական շարժառի՞թ կա։

Սանասարյան. - Չեմ կարող ասել ինչ շարժառիթ։

«Ազատություն». - Բայց Ձեր փաստաբանն ասել է։

Սանասարյան. - Փաստաբանը ուղիղ իմ տեսակետը չի ներկայացրել: Բայց, ամեն դեպքում, տարբեր շարժառիթներ կան այս թեմայով։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, այնուամենայնիվ, գործ սարքելու տրամաբանությամբ եթե գնանք, դա անում են մի դեպքում՝ երբ ուզում են ընդդիմախոսի բերանը փակել, նրան լռեցնել, նրան զգուշացնել ինչ-ինչ բաներ: Դուք ե՞րբ եք Նիկոլ Փաինյանին քննադատել: Դուք նրա թիմակիցն եք, Դուք այս իշխանության մասն եք, Դուք հեղափոխության խորհրդանիշերից մեկն եք։

Սանասարյան. - Ես հիմա էլ չեմ քննադատում Նիկոլ Փաշինյանին՝ երկրի վարչապետին, ընդհակառակը, ես սատարում եմ։ Բայց որևիցե ձևով ես չասեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կոնկրետ հրահանգ կա նման բան անելու։ Ես կարծում եմ, որ վարչապետին ճիշտ չեն զեկուցել, ես էլ իմ ունեցած տվյալներն եմ վարչապետին զեկուցել: Իսկ առհասարակ վարչապետը էստեղ չի կարող խառնվել նախաքննության պրոցեսին, ակնկալիք էլ չունեմ, որ վարչապետը պետք է ասի՝ այ էսպես պետք է անեք կամ այնպես պետք է անեք։

«Ազատություն». - Ճի՞շտ են տեղեկությունները, որ անցած շաբաթ այցելել եք վարչապետին կառավարական առանձնատանը։

Սանասարյան. - Կառավարական առանձնատանը ես երբևիցե չեմ եղել։

«Ազատություն». - Բայց հանդիպում եղե՞լ է։

Սանասարյան. - Այո։

«Ազատություն». - Արդեն մեղադրյալի կարգավիճակո՞ւմ էիք։

Սանասարյան. - Այո։ Ամեն դեպքում, ներկայացրել եմ այն ինֆորմացիաները, որոնք ես եմ տիրապետում։

«Ազատություն». - Ասե՞լ եք, որ ձեր դեմ գործ են սարքում։

Սանասարյան. - Բնականաբար ասել եմ այն, ինչ որ ասել եմ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա փակ երկու անձի քննարկում է եղել: Ավելին չեմ ուզում ասել։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, մի բայց կա: Երբ ասում եք, որ գործը շինծու է, իմ դեմ սարքել են այս գործը, բայց չեք ասում՝ ով և ինչու: Դե կներեք, էդպես հիմա ում էլ մոտենան իրավապահները, կասեն՝ ինձ հետապնդում են, սա շինծու գործ է»։

Սանասարյան. - Լավ հարց եք տալիս, բայց այդ հարցին ես նախաքննությունից հետո անպայման անդրադառնալու եմ։

«Ազատություն». - Դուք ունե՞ք տեղեկություններ, թե Ձեր դեմ ովքեր են ցուցմունքներ տվել։ Ձեր աշխատակիցներից կա՞ն այնտեղ։

Սանասարյան. - Չեմ կարող ասել: Բայց, ամեն դեպքում, ցուցմունքներ են տվել, որոնք իրականության հետ կապ չունեն։

«Ազատություն». - Նրանք ինքնակա՞մ են այդ ցուցմունքները տվել։

Սանասարյան. - Չեմ կարծում։

«Ազատություն». - Այսինքն ճնշումներ են եղել, ստիպել են, համոզել են։

Սանասարյան. - Չեմ կարող ասել, որովհետև չեմ կարծում, որ նման բան անեն իրենք, որը որ իրականության հետ կապ չունի։

«Ազատություն». - Ենթադրում եք, որ ճնշե՞լ են իրենց։

Սանասարյան. - Այո։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, մեղադրանքում նշվում է, որ Դուք, խմբային շահերից ելնելով, Ձեր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով, Ձեր դիրքն օգտագործել եք ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չեք կատարել Ձեր ծառայողական պարտականությունը։

Սանասարյան. - Սուտ է, իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ և դատախազության հարուցած գործը հենց դրա մասին է խոսում։ Մնացած այն, ինչ որ նշեցիք, կապ չունի իմ հետ։ Ես ունեմ մի շահ, դա պետական շահն է։

«Ազատություն». - Դուք իմացե՞լ եք, որ Ձեր աշխատակիցները այդ ընկերության հետ փոխկապակցված են։

Սանասարյան. - Ոչ։

«Ազատություն». - Իսկ հիմա, երբ գիտեք արդեն, գուցե նրա՞նք են շահ ունեցել։

Սանասարյան. - Գուցե: Բայց էլի նախաքննական փուլում է, և միգուցե վերջում այլ բան է պարզվում։

«Ազատություն». - Կարո՞ղ եք դատարանում ապացուցել, որ տեղյակ չեք եղել։

Սանասարյան. - Ես ունեմ հստակ ապացույցներ, որ ես տեղյակ չեմ եղել, բայց հակառակ կողմը չունի ոչ մի ապացույց, որ ես տեղյակ եմ եղել։

«Ազատություն». - Իրենց վկայությունը, որ Ձեզ հետ խոսակցություն են ունեցել և այլն։

Սանասարյան. - Շատերը շատ բան կարող են ասել, պետք է կարողանան հիմնավորել։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, Դուք նաև չեք ընդունում, որ Ձեր աշխատակիցները Ձեզ կարողացել են խաբել, ֆռռացնել, ինչպես ասում են, և փոխել են չափորոշիչները։

Սանասրյան. - Եթե էս կարևոր հոսքի մեջ որևիցե մեկը ուզեցել է իր բաժին ջուրը տեսնի, դա այլ հարց է։ Ինչպե՞ս պետք է իմանայի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․