Վրաստանը առաջին անգամ գազ է գնել Ռուսաստանից նոր համաձայնագրով

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ռուսաստանից գազ է գնել: Այդ մասին հայտնում են վրացական ու ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների վրա: Հինգշաբթի երեկոյան Վրաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական տեղեկագրի կայքում հրապարակվել է «2019-ի համար բնական գազի բալանսը հաստատելու մասին» էկոնոմիկայի նախարարի հրամանը, և ըստ հրապարակած տվյալների՝ այս տարվա ապրիլին Վրաստանը Ռուսաստանից 6 միլիոն խորանարդ մետր գազ է գնել: Հրապարակված փաստաթղթով՝ մինչև տարեվերջ ռուսական գազի նոր գնումներ նախատեսված չեն:

Մինչև 2017 թվականը Վրաստանը ռուսական գազ էր ստանում Հայաստան առաքվող գազի ծավալների 10 տոկոսի չափով՝ որպես տրանզիտի վարձավճար: 2017 թվականին կիրառվեց խառը համակարգ՝ Վրաստանին հասանելիք վճարումների մի մասը կատարվեց գազով, մյուս մասը գումարով, իսկ 2018-ին միայն գումարային վճարումներով:

Նոր համաձայնագիրը, որի մանրամասները հայտնի չեն, գործելու է մինչև 2020 թվականի վերջը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ավելի վաղ ասել էր, թե Վրաստանը կշարունակի կատարել իր տրանզիտային գործառույթները: Էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Կոբուլիան անցած ապրիլին ասել էր, թե Վրաստանը «Գազպրոմի» հետ պայմանավորվել է փոքր ծավալներով գազ գնել, սակայն ծավալները չէր հստակեցրել:

Վրաստանին գազի հիմնական մատակարարողը Ադրբեջանն է, որը գրեթե ամբողջությամբ փակում է Վրաստանի գազի պահանջարկը: Անցած ապրիլին Վրաստանը Ադրբեջանից մոտավորապես 177 միլիոն խորանարդ մետր գազ է գնել: 2019 թվականի համար Վրաստանի գազի պահանջարկը կանխատեսվում է մոտավորապես 2,5 միլիարդ խորանարդ մետրի սահմաններում, դա գրեթե 4,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի:

Չնայած 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո երկու երկրների միջև ընդհատված դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվել, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, ինչը Վրաստանը իր տարածքների օկուպացիա է համարում՝ այնուհանդերձ վերջին տարիների վիճակագրությունը վկայում է, որ երկու երկրների միջև աճում են առևտրի ծավալները, զբոսաշրջիկների հոսքը: Շվեյցարիայի միջնորդությամբ շարունակվում են «առևտրային միջանցքներ» բացելու բանակցությունները: Այդ միջանցքների կառավարման գործնական հարցերը ճշգրտելու նպատակով աշխատանքային համատեղ խումբ է ստեղծվել: Շփումները շարունակվում են նաև միջազգային միջնորդների օժանդակությամբ անցկացվող Ժնևյան բանակցությունների ձևաչափով, նաև պարբերաբար հանդիպում են երկու երկրների հատուկ բանագնացները: