Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ըստ էության, մերժել է պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության խնդրանքը, բայց և «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին կոչ արել՝ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել չմարող քննադատության շուրջ, որ խախտելով Սահմանադրությունը` նա զբաղվում է ձեռնարկատիրությամբ։
Ծառուկյանին ուղարկած իր նամակը Միրզոյանը հրապարակայնացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քաղաքացու որոշումը» դիմել էր Խորհրդարանի ղեկավարին՝ սկսել Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց, առաջարկելով ստեղծել պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, ինչպես նաև՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: Արտախորհրդարանական ուժը կարծում է՝ ցեմենտի վրա տուրք սահմանելու խորհրդարանական քննարկումների ժամանակ «ԱրարատՑեմենտ»-ի սեփականատեր Ծառուկյանի հայտարարությունները ապացուցում են՝ նա զբաղվել և զբաղվում է ձեռնարկատիրությամբ:
«Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործելիության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ», - գրել է Միրզոյանը։
Թեև Ազգային ժողովի նախագահը Սահմանադրական դատարան դիմելու մասին ոչինչ չի ասել, բայց Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ծառուկյանին հորդորել է այսուհետ ավելի ուշադիր հետևել պատգամավորի շահերի բախման կարգավորումներին։
«Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում ծավալված քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ», - նշել է Միրզոյանը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը կարծում է՝ Ազգային ժողովի նախագահը լավ հնարավորություն է ընձեռել Գագիկ Ծառուկյանին փարատելու կասկածները։
«Ազատության» հարցին՝ ի՞նչ պարզաբանում են ակնկալում Ծառուկյանից, պատասխանեց. «Նախ՝ բոլոր այն հավատարմագրային կառավարման փաստաթղթերի հրապարակում, որ բիզնեսները հանձնված են հավատարմագրային կառավարման օրենքով սահմանված ժամկետներում, երկրորդ՝ ընդունել այն փաստը, որ տորքերի մասին օրենքի քվեարկության ժամանակ, այո, ինքը քվեարկել է շահերի բախման իրավիճակում։ Սա իրավական հետևանքներ, որպես այդպիսին մանդատի հանձնում, չի առաջացնում, հետևաբար կարծում եմ, որ այդքան համարձակություն և իրավաբանները ճիշտ կհուշեն, որ կարելի է ուղղակի մեկ անգամ ասել ճշմարտությունը և դրանով նաև էս հուզումները կհանդարտվեն։ Ազգային ժողովի նախագահի ուղերձը դիտենք նաև որպես «Իմ քայլը» ֆրակցիայի ուղերձ»։
ԲՀԿ-ում ծանոթ են Միրզոյանի գրությանը, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ արձագանք կլինի. «Մենք հակառակ ծայրից ենք գալիս․ ոչ թե պետք է Ծառուկյանն ապացուցի, որ ինքը չի զբաղվում գործարարությամբ, այլ պետք է նման հայտարարություն արած քաղաքական ուժը ապացուցի, որ պարոն Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ, որովհետև որ պարոն Ծառուկյանը չի զբաղվում գործարարությամբ, դա ֆիքսված է ընտրություններին մասնակցությամբ։ Եթե դեկտեմբերի 9-ի ընտրությանը պարոն Ծառուկյանը մասնակցել է որպես պատգամավորության թեկնածու, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ֆիքսել է այս իրողությունը, որ ինքը գործարար չի, որ կարողանում է մասնակցել ընտրությանը, և որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել պարոն Ծառուկյանի մասնակցությունը ընտրություններին, այսինքն՝ խնդիրը այլևս լեգիտիմացված է»։
Տիգրանյանը վստահ է՝ Ծառուկյանը ոչ միայն սեփականատեր է, այլ անմիջականորեն մասնակցում է իր ընտանիքին պատկանող բիզնեսների կառավարմանը: Դրա ուղիղ վկայությունը համարում է նույն ցեմենտի տուրքի հարցով հնչեցրած նրա հայտարարությունները: Օրենսդրության փոփոխության խնդիր է տեսնում, որ ավելի հստակ սահմանվի՝ ի վերջո ո՞րն է ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքը։
Միրզոյանն ասել էր՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը դուրս է իր լիազորություններից, բայց «Իմ քայլը» կարող է։ Տիգրանյանը չի բացառում, որ նման նախաձեռնությամբ հանդես գան, բայց դեռ սպասում են Ծառուկյանի պարզաբանմանը․ «Մենք չենք բացառում, նաև մեր ֆրակցիայի կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալը։ Մենք ընդամենը քայլերի հաջորդականությունն ենք պահպանում. եղավ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը, կլինի համապատասխան պարզաբանում և էլի բաց է մնում էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցը, ով կլինի նախաձեռնող, մենք հետ քայլ չենք անում և դա նաև մեր օրակարգում կարող է լինել, երբևէ չենք բացառել»։
«Քաղաքացու որոշում»-ը նաև գլխավոր դատախազից ակնկալիք ուներ՝ քննություն անցկացնել ու քրեական հետապնդում իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Գլխավոր դատախազությունը դիմումը չի մերժել, ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու:
Եթե իրավապահներն ու դատարանը կիսեն «Քաղաքացու որոշում» կուսակցության կարծիքը, ԲՀԿ առաջնորդը կարող է զրկվել մանդատից։ Եթե պաշտոնյան ձեռնարկատիրությամբ է զբաղվել, Քրեական օրենսգիրքը նաև այլ պատիժներ է նախատեսում՝ տուգանք, կալանք, անգամ՝ ազատազրկում:
«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը կարծում է՝ Ծառուկյանը վախենալու բան չունի։
«Եթե մենք խոսենք բնությունից, դա նշանակում է մենք բնապահպա՞ն ենք։ Տրամաբանություն չկա, եթե ինչ-որ մի բանից խոսում են և դա վերագրում են, որ ուրեմն ձեռնարկատիրությամբ է զբաղվում», - նշեց Բագրատյանը։