«Սանիթեք»-ը ենթարկվել է 26 մլն դրամ տույժի. Երևանի քաղաքապետարան

Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է 26 մլն դրամ տույժի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Սա հետևանքն է խախտումների և չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում։ Այդպիսով, ընկերությունն ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 տոկոսով», - գրել է Կարապետյանը։

Վերջին շրջանում Երևանում աղբահանության վիճակը վատթարացել է: «Սանիթեք» ընկերությունն, ի պատասխան դժգոհությունների, հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով երևանցիների ներողամտությունը և տեղեկացնելով, որ քաղաքապետարանի հետ քննարկումները «շատ մոտ են հանգուցալուծմանը»։

Երևանում օրեցօր սրվող աղբահանության հարցը նաև կառավարությունում էր քննարկվել, գործադիրը հաստատել էր քաղաքապետարանի կողմից 15 նոր աղբատար մեքենաներ գնելու որոշումը, քանի որ այս պահին միակ օպերատորը՝ «Սանիթեք»-ը չի կարողանում Երևանը մաքրել կուտակված աղբից: