«Մենք չենք ընդունում պնդումը, որ հրապարակի վրա պետք է որոշվի Արցախի հարցը». ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) հայտարարում է, որ չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Արցախ կարգավիճակի հարցը պետք է որոշվի հրապարակում։

«Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը նշեց՝ առաջնորդության խնդիր կա. այս իշխանությունն ունի մեծ լեգիտիմություն, մեջքն ամուր է, և այս պայմաններում, ընդհակառակը, ինքը պետք է հստակ կոնկրետ ասի լուծումը, համոզի, որ դա է ճիշտ ճանապարհն ու հետևից տանի։

«Պնդումը, որ «հրապարակի վրա պետք է որոշվի Արցախի հարցը, որ ինձ Արցախի ժողովուրդը չի ընտրել, իրավունք չունեմ ներկայացնեմ», և դրան հաջորդող՝ որ «այստեղ՝ հրապարակի վրա, պետք է որոշում կայացվի Արցախի կարգավիճակի մասին», օգոստոսի 17-ին արված և նաև հետո էլի կրկնված, դա մենք չենք ընդունում։ Մեզ համար այս պայմաններում՝ այս ծանր պայմաններում, ընդհակառակն, առաջնորդության խնդիր է պետք, որ դու պետք է ասես՝ սա է այն գինը, որը մենք պետք է տանք Արցախի համար, ժողովրդին համոզես, որ դա է ճիշտը և քո հետևից տանես, այլ ոչ թե ասես՝ «ժողովուրդ, դու ասա՝ ուր ես ուզում գնաս, էդ պատվերը դու ձևակերպի»։ Աշխարհայացքի տարբերությունը՝ մենք ասում ենք՝ «դու իշխանություն ես և մեծ լեգիտիմությամբ օժտված իշխանություն ես, և այս պայմաններում, երբ համեմատած նախորդ իշխանությունների հետ, ովքեր երբ փորձում էին իրավիճակն արտաքին ճակատի վրա կոշտացնել, հետևից հարված էին ստանում, այս իշխանությունն այդ լեգիտիմությունն ունի և մեջքն ամուր է, և այս պայմաններում, ընդհակառակը, ինքը պետք է հստակ կոնկրետ ասի՝ «սա է լուծումը, որը մենք տեսնում ենք, և այս ուղղությամբ պետք է գնանք», - ասաց Խաչատրյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հակադարձեց՝ պնդելով՝ իրականում արցախյան հիմնահարցը վերջապես մարդկայնացվում է, կամ հումանիզացիայի է ենթարկվում։

«Արցախյան հիմնահարցն, ինչքան էլ խոսենք առաջնորդների մասին, դա մեզանից յուրաքանչյուրի ինքնության հարցն է, և ով էլ լինի երկրի իշխանությունը, ես չեմ ցանկանում շարժվել զուտ այդ մարդու տեսլականով, ես ուզում եմ լինի համազգային տեսլական, և այդ տեսլականը կա։ Բնական է, որ խոսվում է՝ ժողովուրդներն են հարց լուծողը։ Ես չեմ հասկանում այդտեղ խնդիրը որն է։ Այստեղ շատ կարևոր քայլ է կատարվում Արցախի ժողովրդի և Արցախի իշխանությունների սուբյեկտայնության բարձրացման շուրջ, որը տարիներով նվազել էր և որը բազմաթիվ խնդիրներ էր բերել բանակցային գործընթացում։ Մենք կարող ենք ունենալ մեր համազգային տեսլականը, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ մենք ունենք բանակցային գործընթաց և մենք չենք կարող ժողովրդին տանել դեպի պատերազմ։ Մենք պետք է շատ զգույշ, լուրջ քայլերով տանենք այն տեսլականը, և շատ բնական է, որ խոսվում է՝ «ժողովուրդներն են հարցի լուծողը», իհարկե ժողովուրդներն են։ Այսինքն՝ ցանկացած լուծում, որը բերվի, եթե դա չբխի ժողովրդի շահերից և տեսլականից, այդ լուծումը չի աշխատելու, և ես այդտեղ որևէ մտահոգվելու առիթ չեմ տեսնում», - ասաց Հայրապետյանը՝ շարունակելով. - «Վերջապես դադարեցվել է այդ հարցի, այսպես ասած, երբ որ որոշ մարդիկ դա համարում էին իրենց հարցը և որ միայն իրենք կարող էին դրա մասին խոսել, նման բան գոյություն չունի։ Դա մեզանից յուրաքանչյուրի հարցն է և մեզանից յուրաքանչյուրի ինքնության, անվտանգության և լինել-չլինելու հարցն է, և անկախ իշխանություններից՝ մենք բոլորս մասնակից ենք այդ հարցի տարբեր զարգացումներին»։

ՀՅ Դաշնակցությունը իշխանություններին մեղադրում է ղարաբաղյան հարցում խուսափողական քաղաքականություն վարելու համար՝ հայտարարելով, որ դա չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը:

«Օրինակ, վարչապետի վերջին հայտարարությունը՝ «ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր ինձ տա տեքստ, թե ինչ է ուզում», սա արդեն խուսափողական է: Ժողովուրդը այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է», - օրեր առաջ ասել էր ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․