Ապօրինի հուղարկավորվածները երևանի բնակիչներ են եղել․ Ձորաղբյուրի համայնքապետ

Ձորաղբյուր գյուղի համայնքապետ Կորյուն Կարապետյան, 2-ը մարտի 2019 թ.

Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գերեզմանների մեջտեղում՝ չթույլատրված վայրերում, նախորդ ամռանից հուղարկավորությունների կազմակերպման հետևանքով գյուղի բնակիչներ Նորայր Հովակիմյանն և Արայիկ Շահգելդյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին, մեղադրողն էլ Ազգային անվտանգության ծառայությունն է։

Համագյուղացիները Ձորաղբյուրի գերեզմանատանն իրենց հանգուցյալներին հուղարկավորել ցանկացող բազմաթիվ քաղաքացիներին ներկայացել են որպես իրավասու անձինք և գումարներ շորթել գերեզմանների համար հատկացված հողերի համար: Համայնքի ղեկավար Կորյուն Կարապետյանն «Ազատությանը» հայտնեց, որ գերեզմանատունը «փակ է», այնտեղ նոր հողահատկացումներ լինել չեն կարող:

«Մեր կողմից տեղ չի հատկացվում, ով կա, ով ունի գերեզմանատեղի, վերջ։ Ուղղակի էս վերջի մեկ երկու դեպքը եղել է բացառիկ դեպք, որի մասին էսօր զբաղվում են իրավապահ մարմինները», - նշեց Կարապետյանը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից մեղադրյալները խաբեությամբ հափշտակել են մոտ երկու միլիոն դրամ:

Համայնքապետի խոսքով՝ ապօրինի հուղարկավորությունները որևէ մեկին չեն խանգարել, ավելին, ասում է եղել են դեպքեր, երբ որոշ անձինք անհատույց են այդ տարածքում հուղարկավորել իրենց հանգուցյալներին:

«Տեսել են ազատ տեղ է կամ աղբավայրի պես տեղ է, որ ազատ է եղել, հուղարկավորել են», - ասաց Կարապետյանը։

Ըստ Կորյուն Կարապետյանի՝ ապօրինի հուղարկավորվածները Երևանի բնակիչներ են եղել. - «Գյուղի բնակիչները, չէ։ Գյուղի բնակիչները, ոնց որ ասած, ունեն իրենց գերեզմանատեղերը պապենական»։

Համայնքապետը պնդում է, թե տեղյակ չի եղել ապօրինությունների մասին, իսկ երբ իմացավ՝ արդեն ուշ էր:

«Տեղյակ եմ եղել մեկ, երկու օր հետո, ասենք, թաղումից առաջ կամ թաղման օրը տեղյակ չեմ եղել, որովհետև պարբերաբար թաղումներ են կատարվում, հսկելը մի քիչ անհնար էր», - ընդգծեց համայնքապետը։

«Ազատության» հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ տեսանկարահանվել, պնդեց՝ հողատարածքներն ապօրինի վաճառողները համայնքապետի ազգականներն են: Կորյուն Կարապետյանն արձագանքում է․ - «Համագյուղացի են, ճանաչում եմ։ Ես պարտավոր եմ բոլոր բնակիչներին ճանաչել»։

Համայնքապետի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրվող Արայիկ Շահգելդյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ Նորայր Հովակիմյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ «Ազատությանը» հաջողվեց գտնել նրա բնակարանը։ Հովակիմյանի մայրը հայտնեց, որ որդին հիմա գյուղում չէ՝ հավելելով, որ հավանաբար Երևան է գնացել՝ հարցաքննության։