Վարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է վերջինիս ու ՄԱԿ-ի կառույցների ծրագրերի համադրումը՝ առաջիկայում նախատեսվող միջոցառումներն առավել արդյունավետ կյանքի կոչելու նպատակով:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ նախատեսվող միջոցառումներն ու բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության, Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները, Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր ղեկավարը, ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության գրասենյակի ղեկավարը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգողը, ՄԱԿ-ի Մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության գծով խորհրդականը և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման գծով խորհրդականը վարչապետին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության, ՀՀ կառավարության տարբեր մարմինների հետ փոխգործակցության վերաբերյալ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի արդիականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, տարածքային համաչափ զարգացման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: