Քերականական սխալները՝ խոչընդոտ Ղազախստանում քաղաքական ճանապարհին

«Խալկ Դեմոգրաֆիասի» հասարակական միավորման ներկայացուցիչ Ժումատայ Ալիև, արխիվ

Ղազախստանում ամռանը տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ:

Վերլուծաբանների համոզմամբ, հաղթանակի առավել մեծ հնարավորություններ ունի ներկայիս նախագահ Ժոմար Տոկաևն, ով վերջերս փոխարինել է անսպասելի հրաժարական ներկայացրած Նուրսուլթան Նազարբաևին: Տոկաևին է սատարում Ղազախստանի քաղաքական վերնախավը, որի առաջնորդը Նազարբաևն է:

Բայց Ղազախստանում ուրիշ մարդիկ էլ են առաջադրվում և պատրաստվում պայքարել: Եվ եթե որոշ հանրապետություններում քաղաքական շրջանակները քննարկում են պետական այրերի ռուսերենի իմացության աստիճանը, Ղազախստանում մայրենի լեզվի իմացությունն է լուրջ խնդիր ստեղծում:

«Խալկ Դեմոգրաֆիասի» հասարակական միավորման ներկայացուցիչ Ժումատայ Ալիևը զրկվել է նախագահական մրցապայքարին մասնակցելու հույսից: Պատճառը ղազախերենի իմացության ցածր մակարդակն է:

Յուրաքանչյուր թեկնածու քննության ժամանակ պետք է պատասխաներ երեք հարցի: Ընդունող հանձնաժողովի անդամ, բանասեր Ադիլ Ախմետովի փոխանցմամբ, շարադրության թեման՝ «Պետությունը և կրոնը», թեկնածուն է ընտրել: Երկրորդ առաջադրանքն էր՝ ընթերցել մեկ հատված Մուխտար Աուեզովի «Աբայի ուղին» ստեղծագործությունից: Երրորդ առաջադրանքն էր՝ ներկայացնել զեկույց «Բարգավաճման առաջին պայմանը համաձայնությունն է» թեմայով:

«Գրավոր առաջադրանքի համար Ժումատայ Ալիևն օգտագործել է հատկացված մեկուկես ժամը, նույնիսկ ավելին: Գրավոր աշխատանքում կային կետադրական և քերականական սխալներ, ոճական բնույթի վրիպակներ, ընդհանուր հաշվով 19 շատ կոպիտ սխալ: Մենք այս ամենը վերլուծեցինք և հանգեցինք այն եզրակացության, որ թեկնածուն չի կարող հավակնել նախագահի պաշտոնին», - ասել է բանասեր Ադիլ Ախմետովը:

Թեկնածուների գրանցման հանձնաժողովն ընդունել է արձանագրություն, որի համաձայն՝ Ալիևի մայրենի լեզվին տիրապետելու մակարդակը չի համապատասխանում Ղազախստանի Սահմանադրության և նախագահական ընտրությունների մասին օրենքի պահանջներին: Հաշվի առնելով արձանագրությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է Ալիևի թեկնածության գրանցումը մերժելու որոշում:

Ընտրությունները Ղազախստանում նշանակված են հունիսի 9-ին: