«Եթե կլինի մի դեպք, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև, թե՛ բոլորի առջև», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը։
«ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ մաքուր, շատ թափանցիկ՝ օրենքի բոլոր կետերի պահպանմամբ, եթե կլինի մի դեպք, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև, թե՛ բոլորի առջև։ Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ», - ասաց Վանեցյանը՝ շարունակելով. - « Այս կարճ ժամանակաշրջանում ԱԱԾ-ն ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում և որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք։ Եթե կա մարդ, անկախ նրանից այդ մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ, եթե օրենք է խախտել նույն կերպով պատասխան է տալու օրենքի առջև, եթե այդ մարդը օրենք խախտած չի, անկախ նրանից ինքը կլինի մեր համախոհը, մեր «թշնամին» մենք որևէ կերպ չենք կարող իրեն ենթարկել պատասխանատվության, կամ հետապնդել, այ որ օրը կլինի նման դեպք ես այդ օրը ոչ կաշխատեմ ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ հասարակության աչքերին պարզ նայել»։
Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը, ով հեղափոխությունից հետո զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնն, ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը մեղադրանքը շինծու էր որակել:
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն ասել էր, որ նախաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ անվստահություն ունեն՝ պնդելով, թե ԱԱԾ-ն կանխակալ, միակողմանի քննություն է անցկացնում: