Նախորդ շաբաթ քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ստուգայցերի արդյունքում ՀԷՑ-ը հոսանքազրկել էր շրջիկ առևտրի կետերը՝ այդպիսով դադարեցնելով նրանց աշխատանքը։
«Բազմիցս խնդրել ենք օրենքին անդրադառնալ: Իրենք չեն անդրադարձել: Խնդիրը այնքան է հասունացել, որ իրենք արդեն դիմում են անօրինական ճանապարհների, կոնկրետ՝ հոսանքազերծման, որպեսզի մեզ խոչընդոտեն: Այս պահին բողոքում ենք հոսանքազերծման դեմ: Եվ խնդրում ու պահանջում ենք, որպեսզի կառավարությունը այլընտրանքային տարբերակ տա, որպեսզի մենք շարունակենք աշխատել»:
Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը, և արդյունքում, ըստ քաղաքապետարանի, առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ դրանք իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ։
Երևանում նման 47 շրջիկ մեքենա է գործում։
Քաղաքապետը ընդգծել էր. - «Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում: Շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա, այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են, կայանել երկարատև գործունեության համար»:
Ցուցարարներից Արեն Մելիքյանը հայտարարեց․ - «Կասկածելի տվյալներ կան, որ դաշտում մոնոպոլիա է ձևավորվում: Այնպիսի տպավորություն է, որ տեղ են ազատում, որպեսզի մոնոպոլիստ գա: Արդեն տեղեկություն ունենք: Անուն չեմ տա: Արդեն գործարանային պատրաստված մեքենաներ կան, որ կան մեկ-երկու տեղ: Ու տեսաձայնագրված տվյալներ ունենք, որ կան նմանատիպ կառույցներ: Խոշոր խաղացողների հետ ա կապված էս ամեն ինչը»:
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը արձագանքելով այս հայտարարությանը՝ ասաց. - «Չեմ կարծում, որ հերյուրանք և ապատեղեկատվություն տարածելը կամ հանրության մոլորության մեջ գցելու փորձերը բիզնեսը պաշտպանելու լավագույն միջոցն են: Ես ուղղակիորեն առաջարկում եմ․ եթե կան նման տվյալներ, կան նման կասկածներ, առաջարկում եմ իրավապահ մարմիններին քննել այդ կասկածները: Ես դա դիտարկում եմ որպես հաղորդում հանցագործության մասին, և հուսով եմ, որ իրավապահները կքննեն այդ հայտարարությունը և ի հայտ կբերեն՝ արդյո՞ք այստեղ գործ ունենք զրպարտության հետ, թե՞ գործ ունենք իշխանության չարաշահման հետ, ինչի մասին ակնարկում են քաղաքացիները»:
Կարապետյանը պարզաբանեց նաև, թե ինչ բնապահպանական և տեխնիկական անվտանգության խնդիրներ են արձանագրել․ - «Օրինակ, դրանց զգալի մասը չունեն ջրահեռացման համակարգեր և ուղղակի իրենց ջրերը լցնում են կողքի սիզամարգերի մեջ, իսկ դա վնասում է, արդեն բնապահպանական վտանգ կա: Այնտես սննդի անվտանգությունը իր գործառույթը ունի՝ ստուգելու, թե վաճառվող սնունդը որքանով է համապատասխանում նորմերին, հակահրթեհայինը․․․»
Ցույցի մասնակիցներից մեկն ասաց, որ ընդունում են, որ որոշ շրջիկ առևտրի կետեր փչացնում են քաղաքի տեսքը, սակայն իրենք պատրաստ են ընդունել պատկան մարմինների առաջարկները․ - «Մենք պատրաստ ենք համապատասխանեցնել ձեր տված տեսքին, ձեր դիզայնին: Բայց որևէ առաջարկություն իրենց կողմից չի եղել»:
Ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպում ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, որը նրանց փոխանցել է, որ ցուցարարները մինչև վաղը կստանան վարչապետի դիրքորոշումը: