Մեկնարկում է Մանվել Գրիգորյանի և նրան կնոջ գործով դատավարությունը․ գեներալի խափանման միջոցը մնաց կալանքը

Նազիկ Ամիրյանը՝ փաստաբանների հետ, դատարանի դահլիճում, Երևան, 2-ը մայիսի, 2019թ․

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անփոփոխ թողնել նախկին պատգամավոր, 6 հոդվածներով մեղադրվող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ 62-ամյա Գրիգորյանը կալանքի տակ է հունվարի վերջից։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց․ «Մեղադրյալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնենք անփոփոխ, հիմնավոր լինելու պատճառով։ Պաշտպանի միջնորդությունը՝ կալանավորումը գրավով փոխելու մասին, մերժել, անհիմն լինելու պատճառով»։

Սա Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն էր, որտեղ քննվում էր բացառապես խափանման միջոցի հարցը։ Այս նիստին կհաջորդի բուն դատավարությունը։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Անցած հունիսին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում և տարատեսակ գույք հայտնաբերել՝ «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները, թանկարժեք ավտոմեքենաներ, շտապօգնության ավտոմեքենաներ, տրցակներով բնակարանների սեփականության վկայականներ, ինչպես նաև անձնական կենդանաբանական այգի։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ 52-ամյա Նազիկ Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

Նազիկ Ամիրյանը դժկամությամբ պատասխանեց լրագրողներին հարցերին։ Ամուսինները չեն ընդունում մեղադրանքը, իսկ Ամիրյանն էլ շոու որակեց Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութը Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվածի մասին։

«Հերոսը չի սողում, եթե իրանց թվում է՝ պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ է թող իրանք գնան։ Կադրերը... շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա՝ դատարանում», - հայտարարեց Ամիրյանը։

Դիտարկմանը, թե Գրիգորյաններին պատկանող տարածքներում ԱԱԾ-ն նաև զենք-զինամթերք էր հայտնաբերել, Ամիրյանն արձագանքեց․ «Շատ կներեք, այդ զենք-զինամթերքը բոլորն օրինական են»։

Այսօրվա դատական նիստի ընթացքում փաստաբանները պնդեցին՝ արդեն մեկ ամսից ավելի հիվանդանոցում գտնվող Մանվել Գրիգորյանը ցանկություն է հայտնել ներկայանալու նիստին, բայց չի կարողացել, նրանք դատավոր Մնացական Մարտիրոսյանին խնդրեցին հետաձգել նիստը։ Դատավորը, սակայն հակադարձեց՝ չի կարող, քանի որ օրենքով նախատեսված ժամկետ կա խափաման միջոցի հարցի քննության համար, իսկ այդ ժամկետը լրանում է այսօր։ Մանվել Գրիգորյանի փաստաբանները հայտարարեցին՝ դատարանն ընտրովի արդարադատություն է իրականացնում, և ինքնաբացարկ ներկայացրեցին նրան։

Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ չհայտնեց։

Փաստաբանները կրկին պնդեցին՝ Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի՝ մասնավորապես շաքարային դիաբետ և թոքի քաղցկեղ, և չպետք է գտնվի կալանքի տակ. «Մանվել Գրիգորյանը վիրահատվել է ուռուցքաբան բժիշկ Ավագյանի կողմից, վերջինս 2019 թվականի մարտի 25-ին այցելելով կալանավայր, որտեղ պահվում է հիվանդը, հիմնական կլինիկական հետազոտությունների և կենսաբանական տարբեր տարրերի ստուգումներից հետո գրավոր ահազանգել է, որ հիվանդի վիճակը ռիսկային է, Էմ-Էս-Է ցուցիչը, որը սկզբում չորս էր, ապա՝ հինգ, այժմ՝ 13,3 է, ինչը խնդիր է առաջացնում խառը քաղցկեղի»։

Մեղադրող դատախազները հակադարձեցին՝ Վերաքննիչ դատարանը դեռ ապրիլին է հաստատել, որ ազատության մեջ Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը։ Դատախազ Վահե Դոլմազյանը հավելեց՝ թեև դատարանը հաստատել է նաև, որ Գրիգորյանը չի թաքնվի քննությունից, բայց միևնույն ժամանակ ընդգծեց՝ ազատության մեջ դատաքննության ժամանակ ևս կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործով անցնող անձանց վրա: Պնդեց՝ գրավը մեղադրյալի համար չի կարող պատշաճ վարքագծի երաշխիք հանդիսանալ։ Միևնույն ժամանակ, դատախազը հայտարարեց՝ Գրիգորյանի քաղցկեղը բուժվել է: Արդեն ընդմիջմանը «Ազատության» հետ զրույցում դատախազը պնդեց իր տեսակետը:

«Եթե հինգ տարվա ընթացքում ախտադարձ չկա, դա համարվում է ապաքինված՝ միջազգային չափանիշներին համապատասխան, դրա վերաբերյալ կա միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստ», - ասաց Դոլմազյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն հինգ տարվա ընթացքում բացասական միտում չի՞ եղել, պատասխանեց. «Բացասական չէ՝ ախտադարձ չկա, մետաստազներ կամ չգիտեմ ինչ-որ դարձ չկա»։

Մինչդեռ Գրիգորյանի փաստաբանները հակադարձում են․ «Վահե Դոլմազյանի կարծիքը չեմ կիսում, իմ գործընկերն էլ ասեց, որ թոքը չի աճում»։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հարցին՝ կբողոքարկե՞ն այս որոշումը, արձագանքեց՝ այն ստանալուն պես կքննարկեն այս հարցը։